ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ

15 հոկտեմբեր, 1809 - 2 ապրիլ, 1848

Ծնվել է ՀՀ Քանաքեռ գյուղում (այժմ՝ Երևանի մեջ): Եղել է հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիրը։ Ինը տարեկան հասակից ապրել և ուսանել է Էջմիածնում։ 1819-22թթ հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը, 1824-26թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ուր ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն: Աշակերտել է Պ.Ղարադաղցուն, Հարություն Ալամդարյանին: 1826թ. հուլիսին բռնկված ռուս-պարսկական պատերազմը խանգարել է նրան իրագործել Եվրոպայում կամ Ռուսաստանում ուսումը շարունակելու իղձը։ 1827-28թթ դասավանդել է Սանահինի վանական դպրոցում։ Ոդջունել է Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին (1828թ.)։ 1829թ-ից Էջմիածնում եղել է կաթողիկոսի և սինոդի թարգմանիչն ու քարտուղարը։ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ 1829թ. սեպտեմբերի 27-ին բարձրացել է Արարատ լեռան գագաթը և այդ «սրբապղծության» համար հալածվել հոգևորականների կողմից։ Պարրոտի աջակցությամբ 1830-35թթ պետական թոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով նախապատրաստվել ուսուցչական գործունեության։ Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն), եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն (Գյոթե, Շիլլեր, Հերդեր, Կանտ, Ռուսո և ուրիշներ), երաժշտություն, արհեստներ։ Սերտ կապեր է հաստատել եվրոպացի և ռուս մտավորականների հետ։ Ապրել է հոգևոր վերածնունդ։ 1836թ. վերադարձել է հայրենիք, նպատակադրվել լուսավորական գործունեություն ծավալել, սակայն հոգևորականությունն անվստահությամբ է վերաբերվել «այլադավանների» միջավայրում կրթված գրողին: Չհամակերպվելով ներազգային խնդիրներում Էջմիածնի դիրքորոշմանը՝ հրաժարվել է հոգևոր կոչումից։ 1837-43թթ եղել է Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ։ Դպրոցների ուսուցիչներ և գաղափարակիցներ պատրաստելու նպատակով հիմնադրել է նաև մասնավոր դպրոց։ Ցարական պաշտոնեությունը, հայ հետադեմ մտավորականների գործակցությամբ, անվերջ խոչընդոտներ է հարուցել նրա լուսավորական գործունեության ճանապարհին: Այդ ծանր պայմաններում կարողացել է ստեղծել իր ամենանշանակալից երկերը՝ «Նախաշավիղ կրթության» (2 մաս, 1837-40թթ, հրտ.՝ 1862թ.), «Պարապ վախտի խաղալիք» (1838-41թթ, հրտ.՝ 1864թ.), «Հազարփեշեն» (1840թ.), «Վերք Հայաստանի» (1841թ., հրտ.՝ 1858թ.) և այլն: 1843թ-ից փոխադրվել է Երևանի գավառական դպրոց՝ իբրև տեսուչ։ Ապրել է հոգեկան ծանր ճգնաժամ՝ մենակ ու մեկուսացված: Թողել է գրական հարուստ ժառանգություն: Առաջին բանաստեղծությունները, որոնք գրված են գրաբարով, արտացոլել են նրա ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», 1824թ., «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց», 1824թ. և այլն)։ Պարսկական բռնակալության մղձավանջն ապրած բանաստեղծը երազել է հայրենիքի անցած փառքը և կորցրած պետականությունը վերականգնելու մասին։ 1820-ական թթ վերջերին գրել է սիրո և կարոտի տաղեր, որոնք ուշ միջնադարի հայ տաղերգուների (Բաղդասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Սիմեոն Երևանցի, Ահարոն Վարդապետ) և ժողովրդական գուսանների ստեղծագործական փորձի յուրատեսակ համադրություն էին: Դորպատյան տարիներին մտորել է գեղարվեստական գրականությունը համապատասխանեցնել նոր ժամանակի պահանջներին, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձնել գրականության լեզու։ «Սուգ հարազատ և ծնողասեր որդվո» (1835թ.),«Տաղ հրաժարական» (1836թ.) և այլ բանաստեղծություններ այդ ձգտումն իրականացնելու առաջին փորձերն էին։ Հայ քնարերգությունը լիցքավորել է հասարակական-քաղաքական բարձր գաղափարներով, խոհականությամբ և դրամսւտիզմով։ Նրան տանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալից սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Երեկոյ», «Առ Էմ. Կ.», «Գարուն», «Սէր առ հայրենիս», 1831-35թթ)։ Ետդորպատյան տարիների ստեղծագործությունները սերտորեն առնչվում են նրա լուսավորական նպատակներին։ Առակների միջոցով ջանացել է բարոյապես ազնվացնել մարդկանց («Պարապ վախտի խաղալիք»)։ «Հազարփեշեն» պոեմում ծաղրել է ցարական պաշտոնեությանը, ձգտել ժողովուրդների փոխադարձ ճանաչման: Գրողի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ։ Դա նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով։ Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով հեղինակը ցույց է տվել «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխարհ, երկրում ի՞նչ պետք է անենք...», մատնանշել նոր գրականության գլխավոր թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Վերքը» հայ առաջին վեպն է, հայկական ռոմանտիզմի իրական սկիզբը։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ, հայության ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Գրողը առաջինն է բացահայտել հայ նոր գրականության հերոսին՝ շինական հային։ Ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգականությունը՝ ապաքինվելու միջոցը համարելով լուսավորությունը։ Նրա հիմնական նպատակն էր ժողովրդին հասցնել ինքնաճանաչման, օգնել համազգային ուժերի համախմբմանը և Ռուսաստանի հովանավորության ներքո վերստեղծել հայկական պետականությունը։ Վեպի գլխավոր հերոսը՝ Աղասին, իդեալական կերպար է, ամենաժողովրդականը 19-րդ դարի հայ իրականության մեջ։ «Վերքը» հարուստ է ժողովրդական կենդանի խոսքով, հայոց բնաշխարհի գունեղ պատկերներով։ Հետագա ստեղծագործություններում գրողը երագել է բանական հասարակության մասին, որը նրա համոզմամբ պետք է ազատ լինի կրոնական կաշկանդումներից, մարդիկ պետք է թեթևացնեն միմյանց հոգսն ու ցավը, ճանաչեն միայն սիրո, եղբայրության ու բարեկամության կրոնը («Թուրքի ախչիկը»)։ Գնահատելով ժողովրդական բանահյուսության դերը գրականության զարգացման գործում՝ հավաքել ու մշակել է առակներ, առածներ, ավանդություններ, երգեր և սկզբնավորել հայ բանագիտությունը։ Թարգմանել է Հոմերոսի, Վ.Գյոթեի, Ֆ.Շիլլերի, Ն.Կարամզինի որոշ գործեր։ Ճիշտ է ըմբռնել լեզվի, որպես ազգապահպանման կարևոր գործոնի, հասարակական դերն ու նշանակությունը։ Ծանոթ է եղել նույն շրջանում ձևավորվող պատմահամեմատական լեզվաբանությանը, որի դիրքերից էլ քննել է լեզվի ծագման, զարգացման ու փոփոխության հարցերը, ծավալել աշխարհաբարը ժամանակի պահանջներին համապատասխան մշակելու մեծ աշխատանք։ Զբաղվել է նաև քերականության հարցերով. «Նախաշավիղ»-ի երկրորդ մասում շարադրել է աշխարհաբարի քերականությունը, բաղդատել գրաբարի և աշխարհաբարի լեզվաքերականական իրողությունները, մատնանշել նրանց տարբերությունները։ Ա.Տապպեի Ռուս-գերմանական քերականության օրինակով կազմել է «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց» (1838-39թթ) ձեռնարկը։ Ստեղծել է ոուս-հայերեն առաջին զուգադրական քերականությունը։ Նրա մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են նախորդ դարերի մեծ մտածողների ու լուսավորիչների (Ռուսսո, Պեստալոցցի, Ֆրանկե) հայացքների հետնությամբ։ Ըստ գրողի՝ ուսուցումը պետք է համապատասխանի մանկան հոգեկան կարողություններին և ժամանակի պահանջներին, տարվի ոչ թե սխոլաստիկ օրենքներով ու մեռած լեզվով, այլ՝ կենդանի խոսքով, զննական միջոցներով։ Աղջիկները պետք է կրթվեն տղաներին հավասար։ Նա սկզբում նպատակադրվել էր Հայաստանում ստեղծել գիտական միաբանություն՝ դպրոցով ու տպարանով, գավառներից հավաքել մանուկների, կրթել ու դաստիարակել նրանց և ապա ուսուցիչ-քահանայի պաշտոնով ուղարկել գյուղերն ու քաղաքները։ 1834թ. ծրագրել էր հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանայացուների, աղքատ ու որբ երեխաների և ունևոր դասի ու վաճառականների գավակների համար։ Երկրորդ կարգի դպրոցի սաները հանրակրթական առարկաներին զուգընթաց ուսանելով արհեստներ, գյուղատնտեսություն և վերադառնալով ծննդավայր՝ նպաստելու էին տեղի տնտեսական կյանքի զարգացմանը։ Բոլոր դպրոցների ընդունակ շրջանավարտներն ուղարկվելու էին Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 1836թ. առաջ է քաշել Հայաստանում մանկավարժական ինստիտուտ և ժողովրդական դպրոցներ բացելու հարցը։ Ավելի ուշ նա համոզվեց, որ անհրաժեշտ է հոգևորականությանը մեկուսացնել երեխաների դաստիարակությունից։ Նրա ծրագրած դպրոցներում հավասարապես պիտի ընդունվեին հարևան ժողովուրդների երեխաները, որպեսզի լուսավորություն տարածեին իրենց ազգերի մեջ ևս։ Իր մանկավարժական գործունեությամբ, դասագրքերով («Նախաշավիղ կրթության», «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց», «Ամերիկա լիս քցիլը»), հոդվածներով ու գրություններով առաջ է քաշել համընդհանուր գրագիտության խնդիրը, որ իրագործվելու էր ժողովրդական դպրոցների միջոցով։ Նա առաջարկել է ուսուցումը կապել երեխաների առօրյա աշխատանքային գործունեության հետ, դպրոցներին կից ստեղծել արհեստանոցներ ու փորձադաշտեր, պարբերաբար կազմակերպել բնարշավներ։ Երեխաների գեղագիտական դաստիարակությունը, գեղեցիկ արվեստները, հատկապես երաժշտությունն ու նկարչությունը համարել է անհատի հոգևոր վերափոխման կարևորագույն միջոց՝ պարտադիր բոլորի համար։ Գրողի ստեղծագործությունն արժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք Էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»): Ուսումնասիրել է նաև հայերի ընտանեկան սովորույթներն ու կենցաղը («Գյուղական տների կառուցվածքը», 1835թ., «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի ու հատկապես նրանց հարսանեկան սովորությունների մասին», 1840թ.) և սկզբնավորել հայ ազգագրությունը։ «Քրդեր» և «Եզդիներ» (1846թ.) ակնարկներով հիմք է դրել քրդագիտությանը Հայաստանում։ Կազմել է Հայաստանի տնտեսական կյանքի վերակառուցման նախագծեր։ Ժողովրդի բարեկեցությունը կապել է քաղաքական բարենպաստ պայմանների և լուսավորված գյուղացիական համայնքի հետ, անհրաժեշտ համարել գյուղատնտեսական մեքենաների օգտագործումը և արդյունագործության զարգացումը։ Նրա մատնանշած ուղիով են ընթացել Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը՝ զարգացնելով նրա գրական ավանդները և նոր գրակության լեզուն: 1848թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել։ Նրա ողբերգական վախճանի հանգամանքները վերջնականապես չեն պարզված։ Ոմանք կարծում են, որ ինքնասպանություն է գործել, ոմանք էլ հավանական են համարում, որ ցարական իշխանությունները նրան գաղտնի աքսորել են Սիբիր, որտեղ և մահացել է։ Պնդողներ էլ կան, թե նրան սպանել են։ Ակսել Բակունցը փորձել է ապացուցել, որ գրողը փախել է արտասահման՝ 1848թ. հեղափոխությանը մասնակցելու դիտավորությամբ։ Նրա կյանքն ու ստեղծագործությունը ուսումնասիրել են Միքայել Նալբանդյանը, Հովհաննես Թումանյանը, Երվանդ Շահազիզը, Արսեն Տերտերյանը և ուրիշներ։ Գրողի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, Էստոներեն, լատիշերեն, լիտվերեն և այլ լեզուներով: Աբովյանի անունով են կոչվել Հայաստանի քաղաքներից մեկը, փողոցներ և պուրակներ Երևանում, Աբովյանում և հանրապետության այլ վայրերում ու Արցախում, միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատություններ, մեդալ, մրցանակ, կրթաթոշակ: Քանաքեռում գործում է նրա տուն-թանգարանը, ՀՀ տարբեր վայրերում կանգնեցված են նրա հուշարձանները: