ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1956թ. ապրիլի 27-ին, Երևանում: Կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի որդին է, բեմադրիչ Վարդան Աճեմյանի և դերասանուհի Արուս Ասրյանի թոռը: 1962-69թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1973-78թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ղազարոս Սարյանի ստեղծագործական դասարանում: Ուսանողական տարիներին գրված լավագույն ստեղծագործություններից են` «Սիմֆոնիկ պոեմը», «Ժողովրդական երգերի շարանը», Պոլիֆոնիկ սոնատը, «Կիկոսի մահը» օպերան, որը ներկայացրել է դիպլոմային աշխատանք: Առաջին անգամ կոնսերվատորիայի պատմության մեջ դիպլոմային աշխատանքը գնահատվել է «5+»-ով և այդ մասին գրվել է «Պրավդա» թերթում: «Կիկոսի մահից» հետո երիտասարդ կոմպոզիտորին երեք ուղեգիր է տրվել: Առաջինը՝ օպերայի բեմադրության հնարավորությունն էր, երկրորդը՝ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու հնարավորությունը, երրորդը` դարձավ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1981թ. ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան` Ղազարոս Սարյանի ղեկավարությամբ: 1978թ-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1978թ. Նաիրիի շրջանի Քանաքեռավան (Մուրաթափ) գյուղի հանրակրթական դպրոցում բացել է երաժշտական դասարան, որը գործել է մինչև 1984թ.: 1986-88թթ դասավանդել է Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ 1995-2003թթ աշխատել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` որպես կոմպոզիցիայի դասատու: 1987թ-ից աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ դասավանդում է գոծիքավորում և գործիքագիտություն, իսկ 1995թ-ից` նաև կոմպոզիցիա, ստեղծագործական ամբիոնի վարիչն է (2004թ-ից՝ պրոֆեսոր): Ստեղծել է մի շարք կամերային-գործիքային, վոկալ-խմբերգային ստեղծագործություններ, երաժշտություն թատերական ներկայացումների համար, էստրադային երգեր, մշակել է ժողովրդական երգեր: ՀՀ մշակույթի նախարարության խորհրդի անդամ է: 2003թ-ից կազմակերպել է բազմաթիվ մրցույթ-փառատոներ` նվիրված Արամ Խաչատրյանին, Ղազարոս Սարյանին, Բենջամին Բրիտտենին: 2008թ-ից հանդիսանում է հեղինակային իրավունքները պաշտպանող միջազգային ասոցիացիայի անդամ (SUISA): Ստացել է ՀՀ ՊՆ կազմակերպած «Զինվորական երգ» հանրապետական մրցույթի մրցանակ: 1987թ. արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի` Կամերային սիմֆոնիայի և երգերի համար, 1990թ.` «Տարվա լավագույն երգ» մրցանակի` «Արցախ» երգի համար, 1993թ.` թավջութակի կոնցերտի մրցույթի 2-րդ և Էստրադային երգի հանրապետական մրցույթի 1-ին մրցանակներին: 2010թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2016թ.՝ ՀՀ Պետական մրցանակի («Հնչյունի թատրոն» ստեղծագործության համար):

 

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար