ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆՑ

Հրապարակախոս, արևելագետ, փիլիսոփա, գրականագետ

15 մայիս, 1812 - 27 ապրիլ, 1879

Ծնվել է Թիֆլիսում: 1824-29թթ սովորել է Ներսիսյան դպրոցում, 1833-34թթ՝ Դորպատի (այժմ՝ Տարտու) գիմնազիայում, 1835-36թթ՝ համալսարանի բժշկագիտական, 1836-40թթ՝ փիլիսոփայական ֆակուլտետներում։ 1842-49թթ եղել է Կազանի համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը, 1846թ. պաշտպանել մագիստրական, 1849թ.՝ դոկտորական դիսերտացիաներ։ 1850-79թթ եղել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պարսկական գրականության ու լեզվի պրոֆեսոր, 1869-71թթ՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ։ Հիմնադրել (1858թ.) ու խմբագրել է «Հյուսիսափայլ» ամսագիրը, հրապարակախոսությունը դիտել որպես ազգային կյանքի խոցերը մերկացնող և ժողովրդի հասարակական առաջադիմությանը նպաստող ազդու միջոց։ Այս շրջանում նրա հետ համագործակցել է Միքայել Նալբանդյանը։ Լուսավորականության դիրքերից գլխավորել է 19-րդ դարի 50-60-ական թվականների հայ ժողովրդի հակաֆեոդալական գաղափարախոսությունը՝ այն զուգորդելով թուրքական լծից հայերի ազատագրության և ռուսական կողմնորոշման գաղափարներին։ Նրա աշխարհայացքում արտահայտվել են հայ ժողովրդի զարթոնքը, տարածքային ու ազգային վերախմբավորման հույսերը, ասիական, նահապետական կյանքից հրաժարվելու, եվրոպական մշակույթը յուրացնելու բարդ ու հակասական հասարակական-քաղաքական ձգտումները։ Հիմնավորելով լուսավորության վճռական նշանակությունը ժողովրդի ազգային առաջադիմության համար՝ այն առնչել է մայրենի լեզվի զարգացման հետ։ Ելնելով ժամանակի պահանջից և շարունակելով Խաչատուր Աբովյանի ավանդույթները՝ նա հանդես է եկել աշխարհաբարի պաշտպանությամբ։ Դեմ է եղել հայերենում բարբառային ձևերի և օտարաբանությունների կիրառմանը, սակայն կարծել է, որ աշխարհաբարը (հիմք ընդունելով Արարատյան բարբառը) կարելի է հարստացնել գրաբարի մի շարք ձևերի օգտագործման և եվրոպական ու դասական լեզուների բառապաշարի հայերեն թարգմանության միջոցով։ Պայքարել է աշխարհիկ կրթության զարգացման համար, ժողովրդի առաջադիմության ամենահուսալի միջոցը համարել ժողովրդական դպրոցների հիմնումը։ Քննադատելով ժամանակի դպրոցական կրթությունը, պահանջել է դպրոցը վերանորոգել ժամանակի առաջադիմական մանկավարժության սկզբունքներով, ազատել այն եկեղեցու հոգաբարձությունից և ուսումը վարել աշխարհաբարով: Առաջարկել է տալ «ընդհանուր կրթություն», և գտնում էր, որ գիտությունների և լեզուների ուսումնասիրությունը զարգացնում է դպրոցականների մտածողությունը։ Ըստ նրա, երեխաների նկատմամբ պետք է կիրառել դաստիարակության տարբեր մեթոդներ, հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները և անհատական բնավորությունը։ Աշխարհիկ կրթության պահանջը սերտորեն առնչել է հայ եկեղեցու բարենորոգման՝ եկեղեցին «մաքուր» քրիստոնեական հավատի վերադարձնելու, ավելորդ ծեսերից ու արարողություններից ազատելու, հոգևորականության կրթության, հավատի գիտական հիմքերը ապահովելու անհրաժեշտության հետ։ Փիլիսոփայական հարցերում գերազանցապես եղել է իդեալիստ։ Փորձել է հաշտեցնել կրոնը գիտության, հավատը՝ բանականության հետ, կրոնական հանդուրժողականության դիրքերից պայքարել կրոնական մոլեռանդության, եկեղեցու գերիշխանության դեմ, պահանջել բանական քննության ենթարկել ամեն ինչ, այդ թվում՝ Աստվածաշունչը։ Մերժել է մատերիալիզմը, որովհետև այն ծառանում է Աստծո, հոգու անմահության և հանդերձյալ աշխարհի գաղափարների դեմ։ Նա պաշտպանել է հոգու և մարմնի փոխներգործության դուալիստական գաղափարը՝ դուալիզմի շրջանակներում հանգել աշխարհի միասնության ըմբռնմանը։ Իմացաբանական հարցերը լուծել է մատերիալիստական սենսուալիզմի դիրքերից։ Հանդես գալով ագնոստիցիզմի դեմ, նա անճանաչելի է հռչակել միայն Աստծուն և մարդկային հոգին, սակայն, քննելով մարդու ճանաչողական կարողությունների հարցը, զգայությունների, երևակայության, հասկացությունների, ամբողջ մտածական գործունեության բովանդակությունը դիտել է որպես արտաքին աշխարհի երևույթների արտապատկերում։ Նրա մատերիալիզմը գծագրվել է նաև լեզվի և մտածողությաև հարաբերակցության ըմբռնման մեջ։ Նա ելնում էր լեզվի և մտածողության միասնության սկզբունքից, թե՝ մեկը, թե՝ մյուսը կապելով ուղեղի գործունեության հետ։ Գտնում էր, որ լեզուն ենթադրում է վերացական, ճանաչողական և քննողական այն կարողությունը, որը կոչվում է մտածողություն, և որը հատուկ է միայն մարդուն։ Լեզվի և մտածողության զարգացումը տեղի է ունենում նրանց փոխներգործության, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ դրանց շփման շևորհիվ։ Հանդես է եկել ճորտատիրության դեմ, համարել, որ ճորտատիրական արտադրությունը հիմնված է գյուղացու թալանի վրա և չունի աճի խթաններ։ Ֆեոդալիզմի մնացուկների դեմ պայքարը կապել է արդյունաբերության և առևտրի զարգացման հետ, ֆեոդալական սեփականությանը հակադրել կապիտալիստականը։ Ազատ մրցակցությունը համարել է արտադրության և հասարակական հարստության բազմապատկման կարևոր գործոն։ Ցանկացած երկրի առևտուր, նրա կարծիքով, անհեռանկարային է, եթե կապված չէ ազգային արդյունաբերության հետ, իսկ վերջինս պետք է այնքան զարգացած լինի, որ ներքին սպառման պահանջները բավարարելուց բացի, ապրանքներ արտադրի նաև արտահանման համար։ Ժխտել է կապիտալիզմի ժամանակ դասակարգային պայքարն ու շահագործումը։ Մարդկային առաջադիմությունը նրան առավելապես ներկայանում էր որպես հոգևոր զարգացում, մտքի նվաճումների անընդհատ ընթացք։ Կանգնած լինելով ժամանակի առաջադիմական բուրժուական պատմագիտության դիրքերում՝ պատմությունը դիտել է որպես օրինաչափ պրոցես, իրադարձությունների անհրաժեշտ հաջորդական շղթա, որը առանց թռիչքի, աստիճանաբար տանում է դեպի հասարակության առաջադիմություն։ Այս դիրքերից ժխտել է սոցիալական հեղափոխությունները, դրանք, մասնավորապես 18-րդ դարի Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, համարել տիրապետողների անձեռնհասության հետևանք։ Հանդես գալով պատմության կրոնական ըմբռնման դեմ, պատմությունը հռչակել է ոչ թե Աստծո, այլ մարդու գործ, նրա «բարոյական ազատության հանդես» և մարդուն համարել իր պատմության ու ճակատագրի տերը։ Առաջարկել է հայ ժողովրդի պատմության նոր պարբերացում, որի համաձայն պատմությունը պետք է բաժանել ոչ թե յոթ (ինչպես անում էր կղերական պատմագրությունը), այլ երեք շրջանների։ Քննադատել է ազգի և նրա ինքնապահպանման կղերական ըմբռնումը։ Հանդես գալով ազգությունը կրոնական պատկանելության հետ նույնացնող տեսակետների դեմ՝ պնդել է, որ «ազգը և կրոնը ջոկ ջոկ խնդիրներ են»։ Ժողովրդի գոյության հիմքը հոգևոր-բարոյական գործոնն է՝ հատկապես լեզուն, որն ուղեկցում է նրան պատմական զարգացման բոլոր փուլերում։ Ըստ հեղինակի, հայոց լեզուն միավորում է աշխարհում սփռված հայ ազգի բեկորները՝ անկախ դավանանքից ու սովորույթներից։ Պետականությունից զուրկ հայ ժողովրդի ինքնապահպանման խնդիրը սահմանափակել է լուսավորությամբ և բարոյական կատարելագործմամբ։ Սակայն, կյանքի վերջին շրջանում, կապված 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմի և քաղաքական ինքնորոշման ձգտող բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի հաջողությունների հետ, միտք է հայտնել, որ արևմտահայերն էլ կարող են զենքը ձեռքերին պայքարել թուրքական բռնակալության դեմ և ստեղծել ինքնուրույն պետություն։ Բարոյականության հարցերում տուրք է տվել կրոնին, որը համարել է բարոյաբանություն, իսկ բարոյականությունը՝ գործնական կրոն։ Որպես բարոյականության անկյունաքար առաջ է քաշել խղճի կամ պարտքի կատեգորիան։ Հետևելով մինչմարքսիստական դեոնտոլոգիական ուսմունքներին, նա պարտքը սահմանել է որպես վերացականորեն ըմբռնված մարդու ներքին բարոյական օրենքից բխող պահանջ, որը դրսևորվում է Աստծո, հասարակության և սեփական անձի նկատմամբ։ Քննարկել է նաև կնոջ հասարակական դերի և ընտանիքի բարոյական հիմքերի հարցերը, կնոջ հասարակական դերի ընդլայնումը դիտել որպես հասարակության բարոյական վերելքի, սեռերի փոխհարաբերությունների կարգավորման, համազգային կրթության բարելավման գործոն։ Սակայն կնոջ ազատությունն ու դերը սահմանափակել է ընտանիքի շրջանակներով։ Նա համերաշխություն է քարոզել հասարակական տարբեր շերտերի միջև և պատրանքային ծրագրեր կազմել հարուստների միջոցներով հանրօգուտ գործեր կատարելու մասին։ Հետագայում հրաժարվել է այդ ծրագրերից և հանգել այն եզրակացության, որ ազգի ուժը հասարակ ժողովրդի մեջ է։ Գրականագիտական-գեղագիտական հարցերում եղել է պատմականության սկզբունքի կողմնակից, պաշտպանել է այն տեսակետը, որ արվեստը ժողովրդի կյանքի հայելանման արտացոլումն է, հանդես եկել ազգային գրականության ստեղծման պահանջով։ Եղել է Վ.Բելինսկու գեղագիտական սկզբունքների հետևորդ, անհրաժեշտ է համարել հայ գրական-գեղարվեստական միտքը զարգացնել ժողովրդի պատմական կյանքը և առօրյա կենցաղը վերարտադրելու ուղղությամբ։ Բարձր է գնահատել ազատասիրությամբ տոգորված գեղարվեստական գործերը։ Արևելյան, մասնավորապես պարսկական, պոեզիայի ուսումնասիրության բնագավառում առաջինն էր ոչ միայն հայ, այլև ռուս գրականագիտության մեջ։ Նրա կարծիքով, յուրաքանչյուր ժողովուրդ համաշխարհային մտքի զարգացման մեջ իր ներդրումն ունի։ Այս տեսանկյունից էր նա քննում Ֆիրդուսիի ստեղծագործությունները։ Մեծ նշանակություն տալով գրաքննադատությանը Միքայել Նալբանդյանի հետ մշակել է դրա սկզբունքները։ Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար