ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Թատերագետ

7 հոկտեմբեր, 1954 - 11 նոյեմբեր, 2015

Ծնվել է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում: Ավարտել է Հայաստանի թատերական գործիչների միության Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) բաժանմունքին կից դրամատիկական ստուդիան: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գլխավոր բեմադրիչի օգնական, Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գլխավոր բեմադրիչի օգնական և գրական մասի վարիչ, Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես տնօրենի տեղակալ և գրական մասի վարիչ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների խմբագրությունում` որպես ավագ խմբագիր, Գյումրիի «Բալատոն» վարժարանում` որպես տնօրենի տեղակալ, Գյումրիի քաղաքապետի խորհրդական, «Շիրակ» գրական-գեղարվեստական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, ՀՀ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ, Գյումրիի թիվ 1 վարժարանի տնօրեն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ: 1984թ-ից դասախոսական աշխատանք է կատարել հայաստանյան բուհերում` Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական, Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտներում, Հայաստանի «Բաց», Հյուսիսային, «Պրոգրես» համալսարաններում: Դասախոսություններ է կարդացել Ստամբուլի, Բեյրութի և Հալեպի համալսարաններում: Նրա գրած «Ուրախ ճամփորդություն», «Աղավնին», «Օրորցային երկուսի համար» պիեսները բեմադրվել են թատրոններում: Հայերեն է թարգմանել Չեխովի, Լորկայի, Մյուսեի, Բուլգակովի, Գոլդմանի, Գորկու, Պտուշկինայի, Կունիի, Պավլովսկու պիեսները: Հեղինակել է տպագրված 25 գիրք, գրել է առաջաբաններ, հրատարակել 20 գիտական հոդված: Եղել է Հայկական հանրագիտարանի արվեստի գիտաճյուղային խորհրդի, Թատերական քննադատների համաշխարհային ասոցիացիայի նախագահության անդամ: 2007թ-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղարը: Արժանացել է նաև «Արտիստ» մրցանակի: Եղել է Հայաստանի գրողների և թատերական գործիչների միությունների, Ազգային թատերական ստեղծագործական միավորման, ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, Աղասի Այվազյանի անվան թատերական փառատոնի ժյուրիի նախագահը: Պարգևատրվել է «Գրական վաստակի համար» մեդալով: Ընտրվել է Բնության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: 2013-14թթ եղել է «Թատրոն Իքս» թատերական փառատոնի մասնագիտական խորհրդի նախագահը: 2007թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար