ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Արձակագիր, երգիծաբան

24 հոկտեմբեր, 1888 - 22 նոյեմբեր, 1965

Արամ Թովմաղյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում: Սովորել է Վանի Ամերիկյան վարժարանում: 1909թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Վերադառնալով Վան՝ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա Աղթամարի Սբ. Խաչի դպրանոցում և Վանի մասնավոր Երամյան վարժարանում դասավանդել է հայոց լեզու: Առաջին երգիծական պամֆլետը` «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910թ. Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան: Առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս, հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրվեն գրվածքները, գրողը պատասխանել է. «Գրեք լեռ...կամ սար», որտեղից առաջացել է նրա կեղծանունը: 1915թ. մասնակցել է Վանի ինքնապաշտպանական կռիվներին: Նույն թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան, աշխատակցել Անդրկովկասի հայ պարբերականներին (ստորագրել է նաև Արա Մասյան): 1921-35թթ եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակից: Գրողի նախասիրած ժանրերը եղել են երգիծանքի փոքր ձևերը (ֆելիետոն, պատմվածք, մանրապատում, երգիծական երկխոսություն, թևավոր խոսք և այլն): Սկզբնական շրջանում նրա երգիծանքի հիմնական թեմաներն են եղել համաշխարհային պատերազմի և սրան հաջորդած տարիներին իմպերիալիստական պետությունների երեսպաշտ քաղաքականությունը, միջազգային դիվանագիտության խաղերը «Հայկական հարցի» շուրջ, հայ ազգային կուսակցությունների անհեռատես վարքագիծը, կրոնի սպասավորների մերկացումը: Ֆելիետոնների և մանրապատումների մյուս մասը նվիրված է սոցիալ-կենցաղային թեմաներին: Մի շարք ֆելիետոններում երգիծվում են գրական բարքերը: Նրա երգիծանքում զուգակցվում են կենսական փաստի ճշգրտությունը և չափազանցությունը, գրոտեսկը, արտաքուստ «անմեղ և անտարբեր» պատմելաձևը կոմիկական լիցք է պարունակում: Ստալինյան ռեպրեսիաների պատճառով 1935-55թթ բռնադատվել է` բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար (այժմ՝ Վարդենիս): 1955թ. համաներման ժամանակ վերադարձել է Երևան: Լույս են տեսել հեղինակի «Անվավեր մեռելներ» (1924թ.), «Ազգային այբբենարան» (1926թ., 1954թ.), «Վրիպած արցունքներ» (1934թ.), «Գրաբար մարդիկ» (1959թ.), «Մարդը տանու շորերով» (1965թ.), «Միհատորյակ» (1980թ.), «Երկեր» (1988թ.), «Տպված և անտիպ էջեր» (1994թ.), «Կարմիր օրեր» (2000թ., 2015թ.), «Սաստիկ կոմունիստներ» (2001թ.), «Մահապուրծ օրագիր. 1925-1935թթ» (սկզբնական վերնագիրը՝ «Խորհրդային քաղաքացու օրագիր», 2008թ.), «Խաղք ու խայտառակ աշխարհ» (2008թ., 2013թ.), «Սոցիալիզմի Սահարա» (2009թ.), «Բանտիս օրագիրը» (2010թ.), «Թատերախաղեր» (2013թ.), «Հալոցք» (2013թ.), «Չապրված օրեր» (2016թ.) գրքերը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար