ԼԵՈ

Պատմաբան, արձակագիր, գրականագետ

14 ապրիլ, 1860 - 14 նոյեմբեր, 1932

Առաքել Բաբախանյան

Ծնվել է Շուշիում: 1878թ. ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը: Այնուհետև Շուշիում ու Բաքվում աշխատել է որպես նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ: 1895-1906թթ եղել է Թիֆլիսի «Մշակ» թերթի մշտական աշխատակիցն ու քարտուղարը: 1906-07թթ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ տեղափոխվել Թիֆլիս ու ամբողջովին նվիրվել գիտական աշխատանքի: 1924թ-ից հրավիրվել է Երևան և պետական համալսարանում հայագիտական տարբեր առարկաներ դասավանդել մինչև կյանքի վերջը (1925թ-ից՝ պրոֆեսոր): Գրել սկսել է 1877թ-ից (առաջին թղթակցությունը տպագրվել է «Кавказ»-ում) և ավելի քան կես դար աշխատակցել հայ պարբերական մամուլին («Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլն): Տպագրել է հարյուրավոր քննադատական հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ: Հաղթահարելով կղերապահպանողական պատմահայեցողությունը՝ կանգնել է ժամանակի առաջավոր հայագիտության դիրքերում և հայ ժողովրդի պատմության հանգուցային շատ հարցեր նոր ձևով լուսաբանել: Այս տեսակետից ուշագրավ են «Հայկական տպագրություն» (հ.1-2, 1901-02թթ), «Հովսեփ կաթողիկոս Արղության» (1902թ.), «Ստեփանոս Նազարյանց» (հ.1-2, 1902թ.), «Գրիգոր Արծրունի» (հ.1-3, 1902-05թթ), «Ս.Մեսրոպ» (1904թ.), «Հայոց հարցը» (1906թ.), «Հայ գրքի տոնը» (1912թ.), «Վանի Լեո թագավորությունը» (1915թ.), «Հայոց հարցի վավերագրերը» (1915թ.), «Անի» (հրտ.՝ 1946թ.) արժեքավոր աշխատությունները: Պատմաբանի աշխատությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը (հ.1, 1917թ., հ.2-3, 1946-47թթ), որում հանգամանորեն շարադրված է հայ ժողովրդի բազմադարյան պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջը՝ բացառությամբ 12-15-րդ դարերի: Հայ ժողովրդի պատմությունը հեղինակը սերտորեն կապակցել է հարևան երկրների պատմության հետ, անցկացրել զուգահեռներ, համեմատություններ, նշել փոխազդեցություններ, հայտաբերել առանձնահատկություններ և ընդհանրություններ հայ և հարևան ժողովուրդների սոցիալական, քաղաքական ու մշակութային կյանքում: Նրա աշխատությունները պարունակում են ինչպես հարուստ փաստական նյութեր (հայ և օտար պատմիչների, ժամանակագիրների երկեր, վիմական արձանագրություններ, հնագիտական, լեզվագիտական ու բանասիրական տվյալներ, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր և այլն), այնպես էլ պատմագիտական կուռ ընդհանրացումներ, աչքի են ընկնում գրելաձևի ինքնատիպությամբ ու շարադրանքի մատչելիությամբ: Այս տեսակետից պատմագիրը անգերազանցելի է հայ պատմագիտության մեջ: Նրա աշխարհայացքը բարդ է ու հակասական: Իր ապրած բարդ, հակասական ժամանակաշրջաններին հատուկ, իրարամերժ գաղափարները խորապես ազդել են նրա աշխարհայացքի վրա, առաջացրել տարբեր տեսակետներ ու կարծիքներ: Դրանք դրսևորվել են հատկապես նրա պատմագիտական գործունեության վերջին շրջանում: Նախասովետական տարիներին հրատարակված արժեքավոր աշխատություններում գերագնահատել է մարդկային հասարակության զարգացման մեջ հոգևոր ու աշխարհագրական գործոնները, անհատի դերը, երբեմն էլ՝ իդեալականացրել անցյալը: Վերանայելով իր պատմահայեցողության սկզբունքները՝ «Անցյալից» (1925թ.), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927թ.), «Խոջայական կապիտալ...» (1934թ.), «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» (հ.1-2, 1934թ.) և այլ աշխատություններում անհաջող փորձեր է կատարել մոտենալու պատմության մատերիալիստական ըմբռնմանը: Տուրք տալով ժամանակի պատմագիտության մեջ իշխող սխալ դրույթներին՝ առաջ է քաշել իր նախկին որոշ ճիշտ տեսակետներին տրամագծորեն հակառակ կարծիքներ, հատկապես հայ ազատագրական շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միացման գնահատման հարցերում: Գերագնահատել է հայ առևտրական կապիտալի դերը՝ այն համարելով հայ ժողովրդի նոր պատմության հիմնական շարժիչ ուժ: Չնայած այդ բոլորին, նա համարվում է հայ պատմագիտության նշանավոր դեմքերից և խոր ազդեցություն է թողել հայ պատմաբանների հետագա սերունդների վրա: Գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկեր: Նահապետական գյուղի առօրյայից քաղված պատկերներում ու պատմվածքներում («Սնապաշտության քուրմ», 1884թ., «Դարտամահ», 1890թ., «Արնագին», 1890թ., «Այծարածը», 1904թ., «Մի բուռը մոխիր», 1904թ. և այլն) ներկայացրել է հայ շինականի դառը ճակատագիրը, նրա ընդվզումները: «Պանդուխտ» (1888թ., որի տակ առաջին անգամ ստորագրել է «Լ.» անունը), «Կորածներ» (1889թ.), «Ոսկու ժխորի մեջ» (1901թ., լրիվ հրտ.՝ 1927թ., 1901թ. հրտ. առաջին մասը «Մուրճ»-ում՝ «Գյուղի մարդիկ» խորագրով) և այլ երկերի նյութը «հողալքումն» է: Օտարերկրյա բռնակալների դեմ հայ ժողովրդի պայքարի դրվագներն են արտացոլված «Վահան Մամիկոնյան» (1888թ.), «Սպանված հայրը» (1891թ.), «Վերջին, վերքեր» (1891թ.), «Թաթախման գիշերը» (1892թ.), «Լեռնցիները» (1896թ.) պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» (1898թ.) պատմա-ավանդական վեպում և «Վարդանանք» (1916թ.) դրամայում: Սրանց գաղափարական առանցքը քրիստոնեական վարդապետության մերկացումն է և համաժողովրդական պայքարի միջոցով անկախության նվաճումը: Նույն գաղափարներն են արծարծում նաև «Ուխտավորի հիշատակարանը» (1885թ.), «Իմ հիշատակարանը» (1890թ.) և այլն: Հայ դեմոկրատական գրականության մի ամբողջ շրջանի ձգտումներն են խտացված նրա գրաքննադատական երկերում: Հայ գրականության հայտնի դեմքերին նվիրված դիմանկարներում (Մ.Մամուրյան, Ս.Ոսկան, Մ.Նալբանդյան, Ս.Տյուսաբ, Մ.Խրիմյան, Ղ.Աղայան, Րաֆֆի, Սայաթ-Նովա), հայ, ռուս և համաշխարհային գեղարվեստական երևույթների տեսություններում, «Ռուսահայոց գրականությունն սկզբից մինչև մեր օրերը» (1904թ.) և այլ բազմաթիվ աշխատություններում մեկնաբանել է հայրենի գրականության հարստությունները՝ հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը: Նրա պատկերացմամբ գեղարվեստական գրականությունն ու գրաքննադատությունը գաղափարական զենքեր են ավատատիրական հետամնացության և կապիտալիստական բարքերի դեմ պայքարում, ազգային-ազատագրական գաղափարների և մարդկային իրավունքների իրականացման գործում: Այս առումով պատմաբանը սնվել է հեղափոխական-դեմոկրատական գեղագիտության ակունքներից: 1925թ-ից եղել է Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի իսկական անդամ: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Լեոյի անունով Երևանում կոչվել է դպրոց և փողոց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար