ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, կինոռեժիսոր

7 սեպտեմբեր, 1925 - 21 նոյեմբեր, 2007

Ծնվել է Վրաստանի Աբասթուման ավանում։ Սովորել Թիֆլիսի հայկական դպրոցում, ապա` Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում (1942թ.), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1945-48թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում: Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող: Առաջին պատմվածքը տպագրվել է 1954թ., «Ոզնի» ամսագրում: 1965-73թթ եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-81թթ` «Էկրան» ամսագրի, իսկ 1992-97թթ՝ «Հայություն» թերթի գլխավոր խմբագիրը: Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1967թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Եռանկյունին» կինոնկարը, որը 2-րդ մրցանակ է շահել լենինգրադյան համամիութենական փառատոնում: Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարահանել է նաև «Հայրիկ» (1972թ.), «Մեզանից երեքը» (1989թ.), «Ձայն բարբառոյ» (1991թ.) գեղարվեստական կինոնկարները: 1982թ. «Հայֆիլմ» կինոստուդիան գրողի «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը, որի ռեժիսորը եղել է ինքը: Հետագայում իր «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա գրել է «Վառած լապտեր» կինոնկարի սցենարը: Այս ֆիլմը որպես ռեժիսոր նույնպես նկարահանել է ինքը: «Վառած լապտեր» կինոնկարը պատմում է հայ անվանի նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին: Ֆիլմը 1987թ. արժանացել է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակին: 1988թ. նկարահանել է «Գաղտնի խորհրդականը» կինոնկարը: Հրատարակվել են նրա «Անձրևը» (նովելներ, 1959թ.), «Ճանապարհորդություն իր շուրջը» (հումորեսկների ժողովածու, 1963թ.), «Ընտանիքի հայրը» (1968թ., «Եռանկյունին», «Գետի մեր մասը», «Ընտանիքի հայրը», «Զարմացած, սիրահարված, մոլորված զբոսաշրջիկը», «Կռվարարները»), «Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ» (1969թ., «Իմ տան հին իրերը», «Ծեր Եպրակսին և նրա տարեց տղան», «Չորս բարի պատ», «Ոտավորը», «Կռվարարներ»), «Փառահամար» (պատմվածքներ, 1973թ.), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (վիպակ, պատմվածքներ, 1977թ.), «Լեռնուք» (պատմվածքներ, 1979թ.), «Եռանկյունին» (վիպակներ և պատմվածքներ, 1983թ.), «Դիպլիպիտո» (պատմվածքներ և պիեսներ, 1985թ.), «Օբեյկտիվ-18» (1986թ.), «Ընտիր երկեր» (1987թ.), «Թթի ամիսը» (պատմվածքներ և թատրոն, 1989թ.), «Երկրի վրայի զբաղմունքը» (էսսեներ և պատմվածքներ, 1993թ.), «Ամերիկյան աջաբսանդալ» (վեպ, 1997թ.), «Դիպլիպիտո» (պիեսներ, 1999թ.), «Ընտիր երկեր» (2001թ.), «Մանչերը» (բեմական վեպ, 2001թ.), «Տրիփ» (պատմվածքների և պիեսների ժողովածու, 2003թ.), «Խորքի խորությունը» (պատմվածքներ, 2010թ.) գրքերը: Ռուսերեն լույս է տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975թ.), «Փառահամար» (Երևան, 1976թ.), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981թ.), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981թ.), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983թ.), «Աղի կոմսը» (Երևան, 1985թ.), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986թ.), լիտվերեն` «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979թ.), բուլղարերեն` «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981թ.) գրքերը: 1963թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1967թ. և 1975թ. («Եռանկյունին» կինոնկարի սցենարի համար) արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1983թ. «Եռանկյունին» գրքի համար՝ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 1982թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1995թ. և 2001թ.՝ ՀԳՄ գրական մրցանակի, 1998թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» և Հայ եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց - Սբ. Սահակ Պարթև» շքանշանների: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար