ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

2 մայիս, 1924 - 23 հունիս, 2002

Ծնվել է Ախալքալակում: 1931-41թթ սովորել է տեղի միջնակարգ հայկական դպրոցում: 1942-45թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին, վարել հրաձգային վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնները: Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: 1945-47թթ աշխատել է Ախալքալակի միջնակարգ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և զինղեկ: 1947-51թթ ուսանել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: 1952-59թթ աշխատել է ՀԿԿ կենտկոմում` որպես պրոպագանդայի և ագիտացիայի, այնուհետև` կուլտուայի բաժնի հրահանգիչ: 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1959-62թթ` ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը, 1960թ-ից` Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 1961թ. և 1965թ. ՀԿԿ կենտկոմի բյուրոյի կողմից ստացել է նկատողություն` «Գրական թերթում» Հրանտ Մաթևոսյանի «Ահնիձոր» ակնարկի մասին փառաբանող հոդվածի և Քրիստափոր Թափալցյանի «Պատերազմ» վեպի 4-րդ հատորի տպագրության համար: 1962-70թթ եղել է Հայպետհրատի գլխավոր խմբագիրը: 1966թ. այցելել է Սիրիա և Լիբանան, որտեղ նրան ընդունել է Սիմոն Վրացյանը: 1969թ. խմբագրել է Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն, որը լույս է տեսել նույն տարում և կալանվել պետական, կուսակցական վերադաս մարմինների կողմից: 1975-86թթ եղել է Հայաստանի գրողների միության քարտուղարը, 1986-91թթ՝ գրական խորհրդատուն: 1968թ., 1980թ. և 1982թ. ընտրվել է ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի երեք գումարումների պատգամավոր: Հրատարակվել են նրա «Երգեր» (1957թ.), «Գետակ» (1959թ.), «Կյանքը կրակի տակ» (1963թ.), «Շատ եք փոխվել, աղջիկներ» (1964թ.), «Տիրամոր պատկերի առջև» (1965թ.), «Կարոտի երգ» (1966թ.), «Ճակատագրով դատապարտվածներ» (1967թ.), «Զինվորներ և սիրահարներ», «Որոշել եմ սպանել պատերազմը», «Կյանքը կրակի տակ», «Ճակատագրով դատապարտվածներ» (1969թ.), «Սերժանտ Կարոն», «Ճանապարհ», «Կանգառ նահանջի ճանապարհին» (1970թ.), «Բարև, բարի արև» (1973թ.), «Քեռի Սիմոնը» (1974թ.), «Երկեր» (2 գրքով, 1976թ., 1977թ.), «Քաջ Նազար» (1980թ.), «Խաղաղություն պատերազմից առաջ» (1981թ.), «Աստղաբույլ» (1983թ.), «Գարուն էր, ձյուն էր արել» (1984թ.), «Չմակարդվող արյուն» (1985թ.), «Ընտիր երկեր» (2 հատորով, 1988թ.), «Գրիգոր Նարեկացի» (վեպ, 1988թ.), «Խաղաղություն պատերազմից առաջ։ Չմակարդվող արյուն» (վեպեր, 1989թ.), «Լույս լեռան վրա» (1990թ.) գրքերը: 1983թ., «Խաղաղություն պատերազմից առաջ» ժողովածուի համար, արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1984թ.` «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանի, իսկ «Ձոն Երևանին» բանաստեղծության համար՝ «Երևանը և երևանցիները» մրցանակաբաշխության առաջին մրցանակին: 1975թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար