ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՌՅԱԿ

Դասական եռյակ

Արմինե Գրիգորյան` դաշնամուր
Կարեն Շահգալդյան ` ջութակ
Կարեն Քոչարյան` թավջութակ

Հիմնադրվել է 1999թ. որպես «Արսիկա»: Համույթը հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Մերձբալտյան երկրներում, Ավստրիայում, Գերմանիայում , Չինաստանում, Բուլղարիայում, Չեխիայում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Հայաստանում: Տրիոն համերգներով հանդես է եկել այնպիսի համերգասրահներում, ինչպիսին են` Musikverein Վիեննայում, Laiezhalle Համբուրգում, Gewandhaus Լայպցիգում, Gasteig-Philharmonie Մյունխենում: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: Եռյակի ելույթները բազմիցս հեռարձակվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Երաժշտական քննադատները բարձր են գնահատել երաժիշտների վիրտուոզ կատարումը, խորը երաժշտականությունը, ոճի զգացումը: 2008թ-ից եռյակը կրում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը: Եռյակը զբաղվել է նաև լուսավորչական գործունեությամբ` վարպետության դասեր է անցկացրել ՀՀ մարզերի դպրոցականների և ուսանողների հետ: 2007թ. հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում: Համագործակցել է ժամանակակից կոմպոզիտորների հետ: Իրականացրել է բազմաթիվ պրեմիրաներ, մի շարք ստեղծագործություններ ձոնվել են եռյակին: Տրիոյի ստեղծագործական գործունեությունը անմիջականորեն կապված է Երևանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ, որտեղ ձայնագրվել են տրիոյի Ա.Բաբաջանյանի և Դ.Շոստակովիչի ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար գրված երկերի (2009թ.), Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործություններից բաղկացած (2012թ.), Պ.Չայկովսկու Տրիո A-moll և Անտոն Արենսկիի Տրիո թիվ 1 (2012թ.) ձայնասկավառակները: