ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

Ծնվել է 1954թ. մարտի 24-ին, Երևանում: 1961-69թթ սովորել է Երևանի թիվ 46 միջնակարգ դպրոցում: 1967-70թթ հաճախել է կիթառի մասնավոր դասընթացների` պրոֆեսոր Սուրեն Ադամյանի մոտ: 1969-73թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, 1973-74թթ` Երևանի թիվ 26 պրոֆտեխնիկական ուսումնարանում, 1974-79թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի  արդյունաբերական էսթետիկայի բաժնում, որը ավարտել է գրաֆիկ դիզայների մասնագիտությամբ: Նույն թվականին հեռակայել է նաև Մոսկվայի Ժողովրդական արվեստների հեռակա համալսարանի կոմպոզիցիայի և էստրադային խմբերի ղեկավարման բաժնում: 15 տարեկան հասակից ստեղծագործել է որպես երաժիշտ: Նվագել է տարբեր վոկալ գործիքային անսամբլներում` որպես սոլո-կիթառահար: 1975-79թթ ղեկավարել է «Արեգակ» և «Դեկա» վոկալ գործիքային խմբերը, որոնց հետ միասին շրջագայել և մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի: 1981-88թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարության հանրապետական գիտամեթոդական կենտրոնի ցուցադրական ագիտացիայի, հետագայում` կերպարվեստի և կիրառական արվեստի բաժնի վարիչը: 1982թ. հաճախել է Մոսկվայի արվեստի գործիչների վերապատրաստման դասընթացներին: 1985թ. Մոսկվայի երիտասարդության և ուսանողության 12-րդ միջազգային փառատոնի ժամանակ եղել է Հայաստանի տաղավարի կիրառական արվեստի բաժնի պատասխանատուն և արժանացել մեդալի ու պատվոգրի: 2000թ., 2001թ. և 2003թ. դարձել է Սայաթ-Նովայի անվան համահայկական երգի փառատոնի դափնեկիր: 1983թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միությանը կից արվեստագետների և նկարիչների երիտասարդական միավորման անդամ: 2006թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծագործական տարիներին համագործակցել է հանրաճանաչ և լեգենդար անձանց հետ: Ունի շուրջ 150 բազմաժանր երգեր և շուրջ 50 գործիքային ստեղծագործություններ, որոնք կատարել են հայ երգարվեստի ներկայացուցիչների կողմից: Նրա ստեղծագործություններում զետեղված են նաև ֆիլմի երաժշտություններ, հեռուստանախագծերի հիմներ, սոլո, դուետ և խմբային կատարողական երգեր: Հեղինակել է նաև եզակի իր բնույթի մեջ ռոք-օրատորիա` նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: 1988-2000թթ եղել է «Պարադիզ» ընկերության երաժշտական խմբագիրը, 2000-04թթ` «Պրոմեթևս» հեռուստաընկերության «Ձեղնահարկ» հանրամատչելի հեղինակային հաղորդաշարի ռեժիսորը և հեղինակը, 2010-12թթ` «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ: Մասնակցել է բազմաթիվ համահայկական, համամիութենական, միջազգային նկարչական ցուցահանդեսների: 2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: