ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թատերագետ, հաղորդավար

Ծնվել է 1936թ. հունիսի 3-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Ավարտել է Ա.Գրիբոյեդովի անվան թիվ 41 միջնակարգ դպրոցը, 1958թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1958-61թթ աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում` որպես հաղորդավար: 1961-64թթ եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի ասպիրանտ, 1965թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա: 1965թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1972թ. ատեստավորվել է` որպես ավագ գիտաշխատող: 1973-74թթ հանդիսացել է ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավարը, 1976թ-ից` Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը, 1973թ-ից` հայկական սովետական հանրագիտարանի գիտաճյուղային խորհրդի անդամ: Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա` «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» թեմայով: Հիմնական աշխատությունները նվիրված են հայ հին և միջնադարյան թատրոնի, 19-րդ դարի արևմտահայ և արևելահայ թատրոնների պատմությանը, բեմական խոսքի տեսությանը, դերասանական արվեստի բնույթին: Հեղինակել է գիտական և հանրագիտարանային հոդվածներ, թատրոնի և գրականության մասին մեկ տասնյակից ավելի գրքեր, հրատարակվել է գիտական ժողովածուներում, հանդեսներում, մամուլում: Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր` գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև` նարեկյան ընթերցուներ: 1990-91թթ եղել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահը, 1992թ-ից` Երևանի Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ, 1995թ-ից` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման խորհրդի նախագահը: 2001թ-ից նշանակվել է ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: 2004թ-ից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչն է: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 2011թ-ից ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի գլխավոր խորհրդականն է: 2014թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վարում է «Արվեստն արվեստի համար» հեղինակային հաղորդաշարը: 2003թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2006թ.՝ ՀՀ ԳԱԱ Վաստակագրի, 2008թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալի, 2016թ.՝ Սբ. Էջմիածնի «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար