ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ

Գեղանկարիչ

8 նոյեմբեր, 1914 - 20 օգոստոս, 2007

Ծնվել է Արևելյան Հայաստանի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): Եղել է նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ամուսինը, ճարտարապետ Հրայր Իսաբեկյանի եղբայրը: 1931թ. ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1941թ.` Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: 1945-2000թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1963թ-ից` պրոֆեսոր): 1967-86թթ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը: 1941-45թթ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ստեղծել է ժողովրդի հերոսների և հայոց ազգային-ազատագրական պայքարը պատկերող կտավներ` «Մարտ քաղաքի համար» (1942թ.), «Դավիթ Բեկ» (1945թ.), «Տանյա» (1946թ.): Թեմատիկ-կոմպոզիցիոն գործերն աչքի են ընկնում մոնումենտալ արտահայտչականությամբ, դինամիկ հորինվածքով, քաղաքացիական հնչողությամբ` «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903-ին» (1957թ.), «Պատասխան Հազկերտին» (1960թ.): Հայ դիմանկարչության նվաճումներից են «Մոր դիմանկարը» (1944թ.), «Ակսել Բակունց» (1956թ.), «Հորս դիմանկարը» (1995թ.) գործերը: Բնապատկերների թեմատիկ առանցքը Հայաստանի բնության, հնադարյան բերդերի ու տաճարների էպիկ, նկարագիրն է` «Տաթևի ձորում» (1959թ.), «Խնձորեսկ» (1962թ.), «Արաքսի ափին» (1980թ.): Դրամատիկ լարվածությամբ են բնորոշվում «Արտավազդի մահը» (1966թ.), «Սրտավազդ և Կլեոպատրա» (1981թ.) և այդ շարքի մյուս գործերը: Նկարազարդել է Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» (1952թ.), Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» (1963թ.) պատմավեպերը: Հեղինակել է «Իգդիր» վեպը (1994թ.): Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1985թ., 2004թ.), Մոսկվայում (1988թ.): «Ավարայրի ճակատամարտը», «Հարսանյաց երթ», «Առավոտ», «Անհանգիստ ձիեր», «Արաքսի ափին», «Ձիեր ջրվեժի մոտ», «Կիրճում» (1982-84թթ) գործերի համար ստացել է Հայաստանի Պետական մրցանակ (1985թ.): 2001թ. պարգևատրվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2004թ.` հայ եկեղեցու Սբ. Մեսրոպ-Սբ. Սահակ շքանշանով: 1963թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար