ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կոմպոզիտոր

14 հունվար, 1930 - 27 դեկտեմբեր, 1998

Ծնվել է Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարանը, 1957թ.` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ: Նույն թվականին Մոսկվայում դարձել է երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի դափնեկիր: 1962-68թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենը, 1956-73թթ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալը, 1970-74թթ` Հայկական ժողովրդական երգի և պարի համույթի, 1974թ-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ, 1979-84թթ` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը, 1986-91թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը (1986թ-ից՝ պրոֆեսոր): Հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական, ինքնատիպ ներդրումով՝ նոր, համարձակ ստեղծագործական լուծումները բխեցնելով հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից: Գրել է «Մարմար» (1957թ.), «Երկնագույն նոկտյուրն» (1964թ.), «Հավերժական կուռք» (1966թ.), «Անտունի» (1969թ.), «Սասունցի Դավիթ» (1976թ.) բալետները, Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Ա.Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիան և այլն: Նրա սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունը առանձնանում է բարոյական-փիլիսոփայական ընդհանրացումներով: Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային երաժշտական լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային կվինտետին (1955թ.), սիմֆոնիաներին (1957թ., 1983թ., 1984թ.), «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմին (1993թ.), «Գրիգոր Նարեկացի» օրատորիային (1995թ.), կվարտետներին (1950թ., 1958թ., 1964թ., 1981թ.), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975թ.), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984թ.): Թավջութակի մենանվագ սոնատում (1970թ.) ավանդական ցիկլային ձևին զուգորդված է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-պատմողականություն: Ազգային երգչախմբային գրակակության մեջ երաժշտատեխնիկական և հոգեբանական կերպարային կարևոր նորույթ դարձան կոմպոզիտորի՝ ժողովրդական երգերի հիման վրա (40) և Վահան Տերյանի խոսքերով (20) խմբերգերը: Վոկալ-սիմֆոնիկ և երգչախմբային երկերին հատուկ է լայնաշունչ մեղեդիականությունը, բարձր քաղաքացիական հնչեղությունը: Ընդարձակ ցիկլային ձևով է գրված «Երկու ափ» պոեմը (1952թ.) ակապելլա երգչախմբի համար: Լայն ժողովրդականություն են վայելում «Երևան-Էրեբունի», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերը: Գրել է երաժշտություն նաև կինոնկարների համար՝ «Հյուսիսային ծիածան», «Հույսի աստղ» («Մխիթար սպարապետ») և այլն: 1963-71թթ եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989-91թթ` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր: 1967թ. արժանացել է Հայաստանի, 1979թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի, Տիտոգրադի, 1998թ.` Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: 1984թ. ստացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակ, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1962թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1972թ.՝ Հայաստանի, 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար