ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

4 փետրվար, 1878 - 24 ապրիլ, 1943

Զապել Հովհաննիսյան

Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Եղել է գեղանկարիչ Տիգրան Եսայանի կինը: 1892թ. ավարտել է Սկյուտարի Սբ. Խաչ վարժարանը: 1895թ. վերջերին տեղափոխվել է Փարիզ և աշխատակցել է Գվիդոն Լուսինյանի ֆրանսերեն-հայերեն բառարանին՝ իբրև սրբագրիչ և խմբագիրներից մեկը, միաժամանակ Սորբոնի համալսարանում լսել գրականության դասընթացներ: Փարիզում մտերմացել է հայ մտավորականների մի լայն շրջանակի հետ՝ Արշակ Չոպանյան, Երվանդ Օտյան, Էդգար Շահին, Սիամանթո և ուրիշներ: 1895թ. «Ծաղիկ» հանդեսում լույս է ընծայել առաջին «Երգ առ գիշեր» արձակ բանաստեղծությունը, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազատանարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ: Ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ» (1905թ.), «Կեղծ հանճարներ» (1905թ.), «Հլուները և ըմբոստները» (1906թ.), «Շնորքով մարդիկ» (1907թ.) վիպակները: 1908թ. վերադարձել է Կ.Պոլիս: 1909թ. Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապես հետո Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնախմբի կազմում մեկնել է դեպքերի վայր, ականատես եղել ազգակիցների ոզբերգությանը և տպավորությունները ներկայացրել «Ավերակներու մեջ» (Կ.Պոլիս, 1911թ.) գրքում, իսկ «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին: Այս թեմայով հեղինակել է նաև «Անեծքը» (1911թ.) և «Նոր հարսը» (1911թ.) պատմվածքները: 1915թ. ապաստանել է Թիֆլիսում: Հայոց Ցեղասպանության (1915թ.) մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։ 1918թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916թ.), «Հոգիս աքսորյալ» (1919թ.) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ, ֆրանսիական և այլ երկրների պարբերականներում տարբեր լեզուներով հրատարակել է հայկական ջարդերի մասին բազմաթիվ հոդվածներ, մի շարք նովելներ, պատմվածքներ և ակնարկներ: Երկար ժամանակ եղել է Հայաստանի օգնության կոմիտեի Փարիզի մասնաճյուղի անդամ և աշխատակցել Փարիզում լույս տեսնող «Երևան» թերթին: 1926թ. այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթեոս ազատագրված» (1927թ.) գրքում։ Գրողի լավագույն ստեղծագործություններից են նաև «Նահանջող ուժերը» (1926թ.), «Սիլիհտարի պարտեզները» (1935թ.), «Մուրադի ճամփորդությունը» (1990թ.) գործերը: 1933թ. խորհրդային կառավարության հրավերով եկել է Երևան և աշխատանքի անցել Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնում՝ վարելով եվրոպական և մասնավորապես ֆրանսիական գրականության դասընթացը: 1933թ. հաստատվել է Հայաստանում։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ: Եղել է 1930-ականների գրական կյանքի եռանդուն ու ազնիվ մասնակիցներից, խորությամբ հասկացել է տիրող մթնոլորտի ողբերգական հետևանքները և համարձակորեն պաշտպանել է Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին և գրականության մյուս առաջատարներին: 1937թ. դարձել է ստալինյան ռեժիմի և ստոր մատնությունների զոհ, բանտարկվել ու աքսորվել է Սիբիր: Մահացել է Բաքվի բանտում: Կա վարկած, որ խեղդվել է: 1957թ. հետմահու արդարացվել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար