ԵՎԳԵՆԻ ՎԱԽԹԱՆԳՈՎ

Բեմադրիչ, դերասան

փետրվար, 1883 - 29 մայիս, 1922

Ծնվել է Վլադիկավկազում, ծխախոտի գործարանատեր, հայ մեծահարուստ Բագրատ Վախթանգովի ընտանիքում: Սովորել է Թիֆլիսի, 1893-1903թթ` Վլադիկավկազի գիմնազիաներում: 1903թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի բնագիտության, ապա տեղափոխվել իրավաբանական ֆակուլտետը: 1901թ-ից ակտիվորեն մասնակցել է ծննդավայրի մշակութային կյանքին` իբրև բեմադրող և դերասան, գրել հոդվածներ, ակնարկներ, բանաստեղծություններ, հրապարակել Վլադիկավկազի «Թերեք» թերթում: 1909թ. ընդունվել է Մոսկվայի Ա.Ադաշևի թատերական դպրոց: 1910թ. Փարիզի Ռեժանի թատրոնում Սուլերժիցկու հետ բեմադրել է Մետեռլինկի «Կապույտ թռչուն» պիեսը: Հասարակական և թատերական կյանքին ծանոթանալու նպատակով 1912թ. մեկնել է Շվեդիա, Դանիա և Նորվեգիա: 1911թ. ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոն: Ստուդիական գործունեության ընթացքում հենվել է Կ.Ստանիսլավսկու սիստեմի վրա: Այդ շրջանում ՄԳԹ-ի հիմնական բեմի ներկայացումներում խաղացել է մի շարք դերեր` Գնչու (Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ»), Կրաֆտ (Լ.Անդրեևի «Միտք»), Երկրորդ դերասան (Վ.Շեքսպիրի «Համլետ») և այլն: Նրա դերասանական և ռեժիսորական հաջողությունները հիմնականում կապված են Մոսկվայի թատրոնի ստուդիական բեմադրություններին: Այստեղ ստեղծված Թեկլտոնի (Չ.Դիքենսի «Օջախի ճռիկը»), Բրենդելի (Հ.Իբսենի «Ռոսմերսհոլմ») և այլ դերեր աչքի են ընկել բնավորության հստակ պատկերումով, հոգեբանական խորությամբ և սոցիալական նկարագրի ցայտուն վերարտադրությամբ: Բռնակալության մերկացումն ու դատապարտումը, բուրժուական-քաղքենիական աշխարհի սուր քննադատությունը եղել են նրա ստեղծագործության գաղափարական մեկնակետը, որն առավել ընդգծված դրսևորվել է նրա ռեժիսորական արվեստում, առաջին արտահայտությունը Հաուպտմանի «Հաշտության տոնը» պիեսի բեմադրությունն էր, ուր Գորկին տեսել է բողոքի արվեստ: Նույնքան սուր գաղափարական հնչողություն է ունեցել Բերգերի «Ջրհեղեղ» պիեսի ներկայացումը, որտեղ 1919թ. նա խաղացել է նաև Ֆրեզերի դերը: Սովետական իշխանության առաջին տարիներից ջերմորեն արձագանքել է հեղափոխական դարաշրջանի պահանջներին: Նոր թատրոնին ավելի օգտակար լինելու համար 1919թ. ղեկավարել է Լուսժողկոմատի թատերական բաժնի ռեժիսորական բաժինը: Ռեժիսորական արվեստի բարձր զարգացման շրջանը համընկել է հետհեղափոխական առաջին հնգամյակին: Ա.Չեխովի «Հարսանիք» (1920թ.), Մ.Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» (1921թ.), Աթրինդբերգի «Էրիկ 14-րդ» (1921թ.) պիեսների բեմադրությունները ամրապնդել են ռեժիսորի ստեղծագործական դիրքերը սովետական թատրոնում, որպես նորարար մի արվեստագետի, որն ստեղծագործում է հեղափոխությունն իրագործող ժողովրդի համար: 1922թ. բեմադրել է Անսկու «Հադիբուկը», Կ.Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտը»: Դերասանական արվեստում, դիմելով հոգեբանական ծաղրանկարի, հասնելով արտահայտչականության վերջնասահմանին, վարպետորեն օգտագործելով իտալական դիմակների թատրոնի իմպրովիզացիոն միջոցները, ստեղծել է իր գեղարվեստական ուղղությունը` ֆանտաստիկական ռեալիզմը, յուրովի զարգացնելով իր մեծ ուսուցչի` Կ.Ստանիսլավսկու ուսմունքը: Նրա արվեստը, ստեղծագործական հայացքները, մանկավարժական գործունեությունը բազմաթիվ ստուդիաներում կարևոր նշանակություն են ունեցել սովետական թատրոնի զարգացման գործում: Հմուտ մանկավարժի ձեռքի տակ և նրա կողքին աճել է սովետական թատրոնի պանծալի մի սերունդ` Մ.Չեխով, Յու.Զավադսկի, Բ.Շչուկին, Ա.Օռոչկո, Ռ.Սիմոնով, Վ.Մարեցկայա, Բ.Զախավա, Ա.Դրիբով, Ց.Մանսուրովա, Ա.Պոպով, Ն.Դորչակով, Ի.Տոլչանով և ուրիշներ: Դեռևս Վլադիկավկազում առնչվել է հայ թատերական գործիչների հետ, դիտել Սիրանույշի և Հովհաննես Աբելյանի խաղը: 1910-ական թվականներին Մոսկվայում շփվել է Օվի Սևումյանի, Արշավիր Շահխաթունու, Հովհաննես Զարիֆյանի, Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի հետ: 1920թ. Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում դասախոսություններ է կարդացել Կ.Ստանիսլավսկու սիստեմի մասին, որը հայ թատրոն է մուտք գործել գլխավորապես նրա շնորհիվ և նրա երկու սաների` Ռուբեն Միմոնովի և Բորիս Զախավայի մի շարք հայկական բեմադրությունների միջոցով: Թատերական ռեժիսորի արվեստը բարերար ազդեցություն է ունեցել նաև Արշակ Բուրջալյանի, Արմեն Գուլակյանի և Վարդան Աճեմյանի թատերական գործունեության վրա: Մահացել է Մոսկվայում: 1926թ-ից Մոսկվայի պետական ակադեմիական թատրոնը անվանվել է Վախթանգովի անունով: