
Գևորգ Ախվերդյան
Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե
Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան
Դրամատուրգ, թատերական գործիչ

Հմայակ Արծաթբանյան
Գեղանկարիչ

Արաքսյա Գյուլզադյան
Երգչուհի

Արաքսի Օհանյան
Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան
Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան
Պատմաբան

Գայանե Մամաջանյան
Գեղանկարչուհի

Լյուդվիգ Ավետիսյան
Գեղանկարիչ

Գևորգ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան
Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան
Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան
Ռեժիսոր, պրոդյուսեր

Էրիկ Կարապետյան
Երգիչ
ԵՎԳԵՆԻ ՎԱԽԹԱՆԳՈՎ

1 փետրվար, 1883 - 29 մայիս, 1922
Ծնվել է Վլադիկավկազում, ծխախոտի գործարանատեր, հայ մեծահարուստ Բագրատ Վախթանգովի ընտանիքում: Սովորել է Թիֆլիսի, 1893-1903թթ` Վլադիկավկազի գիմնազիաներում: 1903թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի բնագիտության, ապա տեղափոխվել իրավաբանական ֆակուլտետը: 1901թ-ից ակտիվորեն մասնակցել է ծննդավայրի մշակութային կյանքին` իբրև բեմադրող և դերասան, գրել հոդվածներ, ակնարկներ, բանաստեղծություններ, հրապարակել Վլադիկավկազի «Թերեք» թերթում: 1909թ. ընդունվել է Մոսկվայի Ա.Ադաշևի թատերական դպրոց: 1910թ. Փարիզի Ռեժանի թատրոնում Սուլերժիցկու հետ բեմադրել է Մետեռլինկի «Կապույտ թռչուն» պիեսը: Հասարակական և թատերական կյանքին ծանոթանալու նպատակով 1912թ. մեկնել է Շվեդիա, Դանիա և Նորվեգիա: 1911թ. ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոն: Ստուդիական գործունեության ընթացքում հենվել է Կ.Ստանիսլավսկու սիստեմի վրա: Այդ շրջանում ՄԳԹ-ի հիմնական բեմի ներկայացումներում խաղացել է մի շարք դերեր` Գնչու (Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ»), Կրաֆտ (Լ.Անդրեևի «Միտք»), Երկրորդ դերասան (Վ.Շեքսպիրի «Համլետ») և այլն: Նրա դերասանական և ռեժիսորական հաջողությունները հիմնականում կապված են Մոսկվայի թատրոնի ստուդիական բեմադրություններին: Այստեղ ստեղծված Թեկլտոնի (Չ.Դիքենսի «Օջախի ճռիկը»), Բրենդելի (Հ.Իբսենի «Ռոսմերսհոլմ») և այլ դերեր աչքի են ընկել բնավորության հստակ պատկերումով, հոգեբանական խորությամբ և սոցիալական նկարագրի ցայտուն վերարտադրությամբ: Բռնակալության մերկացումն ու դատապարտումը, բուրժուական-քաղքենիական աշխարհի սուր քննադատությունը եղել են նրա ստեղծագործության գաղափարական մեկնակետը, որն առավել ընդգծված դրսևորվել է նրա ռեժիսորական արվեստում, առաջին արտահայտությունը Հաուպտմանի «Հաշտության տոնը» պիեսի բեմադրությունն էր, ուր Գորկին տեսել է բողոքի արվեստ: Նույնքան սուր գաղափարական հնչողություն է ունեցել Բերգերի «Ջրհեղեղ» պիեսի ներկայացումը, որտեղ 1919թ. նա խաղացել է նաև Ֆրեզերի դերը: Սովետական իշխանության առաջին տարիներից ջերմորեն արձագանքել է հեղափոխական դարաշրջանի պահանջներին: Նոր թատրոնին ավելի օգտակար լինելու համար 1919թ. ղեկավարել է Լուսժողկոմատի թատերական բաժնի ռեժիսորական բաժինը: Ռեժիսորական արվեստի բարձր զարգացման շրջանը համընկել է հետհեղափոխական առաջին հնգամյակին: Ա.Չեխովի «Հարսանիք» (1920թ.), Մ.Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» (1921թ.), Աթրինդբերգի «Էրիկ 14-րդ» (1921թ.) պիեսների բեմադրությունները ամրապնդել են ռեժիսորի ստեղծագործական դիրքերը սովետական թատրոնում, որպես նորարար մի արվեստագետի, որն ստեղծագործում է հեղափոխությունն իրագործող ժողովրդի համար: 1922թ. բեմադրել է Անսկու «Հադիբուկը», Կ.Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտը»: Դերասանական արվեստում, դիմելով հոգեբանական ծաղրանկարի, հասնելով արտահայտչականության վերջնասահմանին, վարպետորեն օգտագործելով իտալական դիմակների թատրոնի իմպրովիզացիոն միջոցները, ստեղծել է իր գեղարվեստական ուղղությունը` ֆանտաստիկական ռեալիզմը, յուրովի զարգացնելով իր մեծ ուսուցչի` Կ.Ստանիսլավսկու ուսմունքը: Նրա արվեստը, ստեղծագործական հայացքները, մանկավարժական գործունեությունը բազմաթիվ ստուդիաներում կարևոր նշանակություն են ունեցել սովետական թատրոնի զարգացման գործում: Հմուտ մանկավարժի ձեռքի տակ և նրա կողքին աճել է սովետական թատրոնի պանծալի մի սերունդ` Մ.Չեխով, Յու.Զավադսկի, Բ.Շչուկին, Ա.Օռոչկո, Ռ.Սիմոնով, Վ.Մարեցկայա, Բ.Զախավա, Ա.Դրիբով, Ց.Մանսուրովա, Ա.Պոպով, Ն.Դորչակով, Ի.Տոլչանով և ուրիշներ: Դեռևս Վլադիկավկազում առնչվել է հայ թատերական գործիչների հետ, դիտել Սիրանույշի և Հովհաննես Աբելյանի խաղը: 1910-ական թվականներին Մոսկվայում շփվել է Օվի Սևումյանի, Արշավիր Շահխաթունու, Հովհաննես Զարիֆյանի, Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի հետ: 1920թ. Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում դասախոսություններ է կարդացել Կ.Ստանիսլավսկու սիստեմի մասին, որը հայ թատրոն է մուտք գործել գլխավորապես նրա շնորհիվ և նրա երկու սաների` Ռուբեն Միմոնովի և Բորիս Զախավայի մի շարք հայկական բեմադրությունների միջոցով: Թատերական ռեժիսորի արվեստը բարերար ազդեցություն է ունեցել նաև Արշակ Բուրջալյանի, Արմեն Գուլակյանի և Վարդան Աճեմյանի թատերական գործունեության վրա: Մահացել է Մոսկվայում: 1926թ-ից Մոսկվայի պետական ակադեմիական թատրոնը անվանվել է Վախթանգովի անունով: