ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

13 մարտ, 1897 - 27 նոյեմբեր, 1937

Եղիշե Սողոմոնյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1908-12թթ սովորել է տեղի հայկական, ապա` ռուսական ռեալական ուսումնարանում, 1916-17թթ` Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում: 1922թ., որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Վ.Բրյուսովի հիմնադրած գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտ, բայց չի ավարտել: 1918-19թթ Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, 1920թ. Հայաստանում` Մայիսյան, 1921թ.` Փետրվարյան ապստամբություններին: 1920թ. աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում` որպես արվեստի բաժնի վարիչ: 1922թ. Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու մասնակցությամբ, «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո, սկսվել է գրողի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով 1924թ. նոյեմբերի 20-ին Բաթումից մեկնել է արտասահմանյան շրջագայության: Եղել է Տրապիզոնում, Կ.Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925թ. հուլիսի 31-ին վերադարձել է Երևան և ստանձնել է նոր կազմավորված «Նոյեմբեր» գրական կազմակերպության ղեկավարությունը։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող է եղել: Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած նրա համար ունեցել է տխուր վերջաբան: 1926թ. սեպտեմբերի 5-ին ձերբակալվել և հայտնվել է Երևանի ուղղիչ տանը։ 1926-28թթ աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-35թթ` Հայպետհրատում: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ., Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914թ. Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը` «Երեք երգ տխրադալուկ աղջկան», 1915թ., Թիֆլիսում` «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. զինվորագրվելով հայկական կամավորական խմբին` հասել է Վանի մատույցներ, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում տեղի ունեցող ողբերգությանը: Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916թ.), «Վահագն» (1916թ.), «Ազգային երազ» (1917թ.), «Հատված» (1918թ.) պոեմները: 1918-21թթ գրել է «Սոմա» (1918թ.), «Ամբոխները խելագարված» (1919թ.), «Նաիրի երկրից» (1920թ.) պոեմները և այլ գործեր: Բանաստեղծությունների առաջին շարքերն են՝ «Հրո երկիր» (1913-16թթ), «Լիրիկական բալլադներ» (1915-17թթ), «Ծիածան» (1917թ.), «Ողջակիզվող կրակ» (1918-20թթ): 1920-21թթ գրել է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհին», «Ութնյակներ արևին», «Տաղարան» շարքերը: Վերջինում գրողի ուղեկիցն է եղել բանաստեղծ Սայաթ-Նովան: Շարքի վերջին` «Ես իմ անուշ Հայաստանի» տաղը Հայաստան-յարին ուղղված հայրենահիացումի ձոն էր: 1922-24թթ ստեղծել է քարոզչական գրականություն՝ «Ամենապոեմ», «Ռոմանս անսեր», «Մաճկալ Սաքոյի պատմությունը» պոեմները, «Կապկազ» թամաշա» թատերագրությունը, «Կոմալմանախ» ժողովածուն: Գրել է նաև «Երկիր Նաիրի» (1921-24թթ) վեպը, «Ասպետական» ռապսոդիան (1922թ.), «Պոեզոզուռնա» (1922թ.) ժողովածուն, «Չարենց-Նամե» (1922թ.) պոեմը: Հետագայում գրողի ու համախոհների դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: Այս պայքարի բովում ծնվել են «Լիրիկական անտրակտ» (1927-32թթ) շարքը, «Խմբապետ Շավարշը» (1929թ.) պոեմը, «Էպիքական լուսաբաց» (1930թ.) և «Գիրք ճանապարհի» (1933-34թթ) ժողովածուները: Մինչ այդ նա տպագրել էր նաև «Երևանի ուղղիչ տնից» (1927թ.) հուշ-ակնարկը: «Գիրք ճանապարհի» ժողովածուն գրողի ապրած կյանքի հանրագումարն է. «Պատմության քառուղիներով», «Դեպի լյառը Մասիս», «Մահվան տեսիլ», «Նորք» պոեմները փիլիսոփայական խորհրդածություններ են հայ ժողովրդի պատմական ճակատագրի շուրջ: 1935-37թթ եղել է նրա ստեղծագործության ամենաբարդ շրջանը, որը բնութագրվել է անձնական ու քաղաքական կյանքի և իրականության ճիշտ ու վավերական արտացոլումով («Կոմիտասի հիշատակին», «Նավզիկե», «Իմ լեռան աղոթքը», «Մի ամայի վայրում...» պոեմները, «Հերոսի հարսանիքը» չափածո թատերագրությունը, «Դոֆին նայիրյան» սոնետների շարքը և այլն): Թարգմանել է Գյոթեի, Հայնեի, Հյուգոյի, Ուիթմենի, Վերհառնի, Ռիլկեի, Պուշկինի, Նեկրասովի, Լերմոնտովի, Գորկու, Մայակովսկու, Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական և ժամանակակից գրողների գրքեր: 1935թ-ից նրա դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորացել։ Նրան հեռացրել են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936թ. սեպտեմբերի 24-ից ենթարկվել է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվել է նոյեմբերի 9-ին: Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936թ-ից ավելի ուժգնացած հալածանքների օրերին մեկուսացված կյանք է վարել։ 1936թ. հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Աղասի Խանջյանը սկսել է բանակցությւոններ վարել, որպեսզի գրողին թույլատրեն մեկնել արտասահման բուժման նպատակով: Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողել է Չարենցի մեկնումը: 1937թ. հուլիսին բռնադատվել է: Մահացել է Երևանի բանտի հիվանդանոցում, գերեզմանի տեղն անհայտ է: Արդարացվել է հետմահու: Սահմանվել է ՀԳՄ Ե.Չարենցի անվան մրցանակ: ՀՀ հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Չարենցի դիմանկարը, Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: Չարենցի անունով են կոչվել փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, ՀՀ, Արցախի և Ջավախքի քաղաքներում, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը: Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը, նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար