ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դերասան, պրոդյուսեր

Ծնվել է 1958թ. օգոստոսի 18-ին, Երևանում: 1965-75թթ սովորել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 և Դերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցներում: 1975-78թթ աշխատել է Երևանի քաղաքային հեռախոսացանցում` որպես էլեկտրամոնտյոր, այնուհետև` որպես ԵրՔՀԿ-ի կոմերիտական կազմակերպության քարտուղար: 1978թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Մինչև 1989թ. ուսումն ավարտելուց հետո աշխատել է Էջմիածնի կենտրոնական շրջանային հիվանդանոցում` որպես բժիշկ: 1989-92թթ եղել է ուսանողական պոլիկլինիկայի բժիշկ-մաշկաբան: 1979-89թթ մասնակցել է Երևանի Կամերային թատրոնի ստեղծմանը, կայացմանն ու ստեղծագործական զարգացմանը` հանդես գալով որպես դերասան, ռեժիսոր և ադմինիստրատոր: Հանդես է եկել թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում` բեմադրված Արա Երնջակյանի պիեսների հիման վրա, խաղացել է նաև մի շարք ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Համլետ), Պ.Զեյթունցյանի «Կլոդ» (Կլոդ Իզերլի), Է.Ռադձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» (Ստրուկ) և այլն: 1992-95թթ եղել է «Գոյակ» կոմերցիոն ստեղծագործական-առևտրային ասոցիացիայի ֆինանսական տնօրենը: Այդ տարիներին մասնակցել է «Գոյակ» փորձարարական թատրոն-լաբորատորիայի ստեղծմանն ու կայացմանը: Միաժամանակ կազմակերպել է հայ հետմոդեռնիստ նկարիչների ցուցահանդեսները Հարավսլավիայում, Ռուսաստանում, Չեխոսլովակիայում: 1995թ-ից զբաղվում է պրոդյուսերական գործունեությամբ: Եղել է մի շարք մեծամասշտաբ նախագծերի պրոդյուսերը, որոնցից են` «Խաթաբալադա», «Mea culpa», «Ժանգոտ բանալի», «Դոն Ժուան Avia», «Ջին ջան», «Օպերա-օպերա» (նվիրված Վիլյամ Սարոյանի 100-ամյակին), «Դոն ժուանները Մարսելում» ներկայացումները, «Երևան բլյուզ», «Մեր բակը 3», «Մեր Այբբենարանը», «Տաքսի, էլի լավ ա», «Փեսացուն կրկեսից», «20 տարի միասին» (նվիրված Հայաստան համահայկական հիմնադրամի 20-ամյակին), «Քայլ ձիով» ֆիլմերը, «Անուշ» օպերան (ֆրանսիական «Նանտեր» թատրոնի հետ համատեղ), Հայաստանի օրերի կազմակերպումը «Էքսպո-2000» համաշխարհային ցուցահանդեսում, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, Հայոց բանակի 15, 16, 18, 20-ամյակներին նվիրված համերգները, «Հատուկ նշանակության երգեր» (նվիրված Հայոց բանակի 15-ամյակին), Ալլա Լևոնյանի, Արամոյի և Էմմա Պետրոսյանի, Շուշան Պետրոսյանի մենահամերգները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. երդման արարողությունը, Շուշիի ազատագրման 15 և 20-ամյակներին նվիրված, Երևանի տարեդարձի համերգները և այլն: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար