ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

6 փետրվար, 1877 - 6 դեկտեմբեր, 1956

Դերենիկ Դեմիրճօղլյան

Ծնվել է Ախալքալակում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս.Տեր-Մելիքսեդեկյանին, 1892թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Գրողի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ 1898թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900թ. հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնաոուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսանելու նպատակով 1903թ. մեկնել է Մոսկվա: 1905-10թթ սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ: 1925թ. տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը, մասնակցել Հայաստանի սոցիալիստական վերակառուցման, մշակութային շինարարության աշխատանքներին: Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893թ. «Տարազ»-ում լույս է տեսել նրա անդրանիկ «Ապագան» բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» և այլ պարբերականների։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899թ., երկրորդը՝ 1913թ.: Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող բանաստեղծը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական: Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ», պոեմ, 1913թ.)՝ ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր։ Գրողի հոգևոր վերածնունդը տեղի է ունեցել 1905-07թթ հեղափոխության ազդեցությամբ։ Ազատության համար մասսաների պայքարը բանաստեղծին մղեց ժողովրդի հետ հոգևոր մերձեցման։ Այս շրջադարձի արտահայտությունն է «Լենկթեմուր» հայրենասիրական պոեմը, որտեղ գրողը դրվատել է ժողովրդի ուժը, երգել նրա անմահությունը: Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920թ.) ժողովածուն, որն ամփոփում է 1902-19թթ գրած քառյակները։ Միևչև 1919թ. ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային։ Դարասկզբին գրած պատմվածքներում («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս», «Խանութպան» և այլն) հոգեբանական խոր վերլուծությամբ պատկերել է բուրժուական իրականության պայմաններում աղավաղված մարդկային հարաբերություններն ու մասնավոր սեփականության հետ կապված երևույթները՝ կուտակելու տենչ, ընչաքաղցություն, միմյանց նկատմամբ խորթացում, եսասիրություն: Պատմվածքներում արտահայտված հումանիստական սկզբունքները դրսևորվել են նաև նախասովետական շրջանի դրամատիկական գործերում։ «Վասակ» (1912թ.) և «Հովնան Մեծատուն» (1919թ.) դրամաներում դատապարտում է անձնական կամքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման: Մինչդեռ, հավերժորեն ապրում են նրանք, ովքեր արտահայտում են ժողովրդի իղձերն ու երազանքները, իրենց գործունեությամբ ձուլվում ժողովրդին: Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում արմատական բեկում են մտցրել գրողի ստեղծագործության մեջ։ Այդ շրջանի նրա գործունեությունն աչքի է ընկնում հասարակական լայն ընդգրկումով։ Առաջին ուշագրավ արձակ երկը, որով արտահայտվեց նրա գաղափարական շրջադարձը, «Միայն մեկը» (1922թ.) պատմվածքն է։ Այստեղ գրողը դատապարտել է առաջին իմպերիալիստական պատերազմը, ցույց տվել աշխատավոր մարդու ողբերգությունը՝ կապված պատերազմի հետ: 1920-ական թվականների երկրորդ կեսից հրաժարվել է անցյալի վերապրումներից և գրել նոր գործեր, որոնք պատկերում են սոցիալիստական հեղափոխության առաջացրած տեղաշարժերը: «Հանգստի տանը» (1924թ.), «Կայարանի Ակոբը» (1925թ.), «Սաթոն» (1929թ.), «Մերկե» (1929թ.) և այլ պատմվածքների հերոսները նոր պայմաններում վերածնվում են, գիտակցում աշխատավորի իրենց իրավունքն ու մարդկային արժանապատվությունը։ Հնի ու նորի պայքարին և այդ ֆոնի վրա նոր մարդու ձնավորման ու վերափոխման հարցին են նվիրված «Ռաշիդ» (1929թ.), «Նիգյար» (1930թ.) վիպակները։ Բեղմնավոր է եղել գրողի գրիչը նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923թ. գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը (1923թ. բեմադրվել է Երնանի պետական թատրոնում, 1924թ.՝ Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում, 1940թ. նկարահանվել է)։ Նոր սկզբունքներով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը, ոչնչացնող ծաղրի ենթարկել պատահականորեն իշխանության գլուխ անցած բախտախնդիրներին: «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է: 1930-ական թվականների սոցիալիստական շինարարության համար մասսաների պայքարի գեղարվեստական մարմնավորմանն են նվիրված «Ֆոսֆորային շող» (1932թ.), «Նապոլեոն Կորկոտյան» (1934թ.), «Կապուտան» (1938թ.) պիեսները: Այս գործերում առանձնապես ընդգծված է բացասական երևույթների դեմ վճռականորեն պայքարելու անհրաժեշտությունը։ Հայ դրամատուրգիայի աչքի ընկնող նմուշներից է «Երկիր հայրենի» (1939թ.) պատմահերոսական դրաման: Երկրորդ Համաշխարհային պատերազմի օրերին գրողի ստեղծագործությունը տոգորվեց հայրենիքի պաշտպանության գաղափարով: Պատերազմի առաջին օրերին նա նորից դիմեց պոեզիային, գրելով «Վե՛ր կաց, սի՛րտ իմ» (1941թ.), «Հայրենիքի հետ» (1941թ.) բանաստեղծությունները։ Հայ ժողովրդի անպարտելի ուժը, հաղթանակի հասնելու կամքն ու տոկունությունը արտահայտված են պատերազմական շրջանի պատմվածքներում ու հոդվածներում: Նրա ստեղծագործության գլուխգործոցը այդ տարիներին գրած «Վարդանանք» պատմավեպն է, որի առաջին գիրքը լույս է տեսել 1943թ., երկրորդը՝ 1946թ.: 1951թ. հրատարակվել է վերամշակված տարբերակը: Հայ պատմավիպագրության մեջ «Վարդանանք»-ը նոր որակ է: Վեպի հիմքում ընկած է հայրենիքի պաշտպանության վճռական պահին ձևավորված երկու հակադիր ուղղությունների գործունեությունը։ Մի կողմում սպարապետ Վարդան Մամիկոնյանն է և Վարդանանք, որոնք, հենվելով ժողովրդի հայրենասիրության և ուժի վրա, թշնամուն հակադրում են ժողովրդի հավերժելու կամքը, դուրս գալիս կենաց ու մահու պայքարի, մյուս կողմում մարզպան Վասակն է և նրա համախոհները՝ ժողովրդի ընդհանուր շահերին հակադրվելու իրենց քաղաքականությամբ, որը և նրանց հասցնում է կործանման: Պատերազմի ավարտից հետո հայ ժողովրդի ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949թ.), «Հուշ-աղբյուր» (1950թ.) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949թ.) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։ Մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը» (1934թ.), «Արջուկ-լրջուկ» (1944թ.), «Ծտապար» (1947թ.) և այլ ստեղծագործություններ։ Թարգմանել է Ն.Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը (1950թ.): Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ 1953թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1940թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: Դեմիրճյանի անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ Երևանում, ՀՀ այլ քաղաքներում և Ախալքալակում: Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: 1980թ. Հայաստանի գրողների միությունը սահմանել է Դ.Դեմիրճյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար