Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

6 հունիս, 1903 - 1 մայիս, 1978

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է թատերական գործիչ, բեմադրիչ Սուրեն Խաչատրյանի եղբայրը, 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից: Մեծ ազդեցություն է թողել հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, հայ ազգային երաժշտությանը համաշխարհային լայն ճանաչում է բերել: 1913թ. ընդունվել է Թիֆլիսի Կոմերցիայի դպրոց, սակայն հետագայում նախընտրել է երաժշտությունը: Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով` ընդունվել է փողային նվագախումբ: 1915թ. տեղափոխվել է Եկատերինոգրադ (այժմ՝ Կրասնոդար)՝ մեծ եղբոր մոտ, ով 1921թ. նրան տեղափոխել է Մոսկվա: 1922-29թթ սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումի թավջութակի (դասատուներ՝ Ս.Բիչկով, Ա.Բորիսյակ) և կոմպոզիցիայի (դասատուներ՝ Մ.Գնեսին, Ռ.Գլիեր) դասարաններում: 1934թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Ն.Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանը: 1934-36թթ կատարելագործվել է ասպիրանտուրայում: Դեռևս ուսանողական տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական, թուրքական և այլ ժողովուրդների երգեր, գրել «Պար» ջութակի և դաշնամուրի համար, «Պոեմ» դաշնամուրի համար (երկուսն էլ հրատարակվել են 1929թ.), Դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո (1932թ.), դաշնամուրի վիրտուոզ «Տոկկատ» (1932թ.), «Պարային սյուիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար (1933թ.): Հայ ազգային մշակույթի հետ կոմպոզիտորի կապերի ամրապնդմանը նպաստել է Մոսկվայում Հայաստանի մշակույթի տանը նրա ծավալած գործունեությունը: Այստեղ նա հանդիպումներ է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի, Շարա Տալյանի և այլ անվանի հայ արվեստագետների հետ, երաժշտություն գրել Ռուբեն Սիմոնովի ղեկավարությամբ գործող հայկական դրամատիկական ստուդիայի բեմադրած Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսների ներկայացումների համար (1926-28թթ): Առաջին սիմֆոնիայի ստեղծումով (1934թ.) նշանավորվել է կոմպոզիտորի հասունության, տաղանդի ծաղկման սկզբնավորումը: Նրա 1930-ական թվականներին գրած ստեղծագործությունները գտել են հասարակական լայն արձագանք, միաժամանակ հավաստել հայկական երաժշտական արվեստի պատմական զարգացման նոր շրջանը: Կոմպոզիտորի ստեղծագործական ոճը, ձևավորվելով համաշխարհային երաժշտական արվեստի, հատկապես ռուսական երաժշտական դպրոցի փորձի հիման վրա, անմիջականորեն բխել է հայ երաժշտական մշակույթից: Նրա արվեստը սերտորեն առնչվում է Կոմիտասի, Ա.Սպենդիարյանի, Ռ.Մելիքյանի ստեղծագործություններին, հատկապես հայ ժողովրդական երաժշտությանը: Կոմպոզիտորի վերաբերմունքը դեպի ժողովրդական արվեստը եղել է համարձակ և խոր ստեղծագործական բնույթի: Իր երկերում նա չի ձգտել անձեռնմխելիորեն պահպանել ժողովրդական մեղեդիները, այլ դրանք ծառայեցրել է ստեղծագործական մտահղացումների, ժամանակակից հուզող խնդիրների մարմնավորմանը: Կոմպոզիտորը հայ երաժշտությունը հարստացրել է նոր բովանդակությամբ, կերպարներով, ձևերով, արտահայտչամիջոցներով, ընդլայնել նրա ժանրային շրջանակները: Եղել է ազգային առաջին բալետի, սիմֆոնիայի, գործիքային կոնցերտների հեղինակը, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա Առաջին սիմֆոնիան նվիրված է Սովետական Հայաստանի 15-ամյակին, որը ընկալվում է որպես էպիկական ասք Հայաստանի, նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի, բնաշխարհի մասին: Հեղափոխական ռոմանտիկայով, հերոսական պաթոսով է ներթափանցված մոնումենտալ բնույթի՝ Դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը (1936թ.): Զութակի և նվագախմբի կոնցերտում (1940թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1941թ.) հետագա զարգացում է ստացել նրա այդ շրջանի ստեղծագործության համար առաջատար՝ ժողովրդի երջանկության թեման: 1930-ական թվականների ստեղծագործական որոնումների պսակը կազմել է «Գայանե» բալետը (1942թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1943թ.), որը գրվել է «Երջանկություն» բալետի հիման վրա (բեմադրվել է 1939թ., Երևանի օպերայի և բալետի թատրոնում) և համարվում է ժամանակակից թեմատիկայով գրված սովետական բալետային լավագույն ստեղծագործությունը: Հայրենական Մեծ պատերազմի իրադարձությունները արտացոլվել են մոնումենտալ Երկրորդ սիմֆոնիայում (1943թ., ԽԱՀՄ Պետական մրցանակ, 1946թ.), որը հուզիչ երաժշտական պոեմ է տառապանքն ու մահը հաղթահարող ժողովրդի հերոսական պայքարի, հոգևոր վեհության մասին: Քնարական բնույթի Թավջութակի և նվագախմբի կոնցերտում (1946թ.) առանձնանում են փիլիսոփայական մտորումների պահերը: Հատկապես հարմոնիայի և տեմբրային դրամատուրգիայի ասպարեզում վառ նորարարությամբ աչքի է ընկնում Երրորդ սիմֆոնիան (1947թ.): Բարձր գնահատանքի է արժանացել «Պեպո» (1936թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Վլադիմիր Իլյիչ Լենին» (1948թ.), «Ստալինգրադյան ճակատամարտ» (1949թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1950թ.) կինոնկարների և «Վալենսիայի այրին» (1940թ.), «Դիմակահանդես» (աշխարհահռչակ «Վալս»-ով, 1941թ.) դրամատիկական ներկայացումների համար նրա երաժշտությունը: Եղել է Սովետական Հայաստանի պետական հիմնի երաժշտության (1944թ.) հեղինակը: Կոմպոզիտորի այդ տարիների ստեղծագործության բարձունքն է «Սպարտակ» բալետը (1954թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1959թ.):
 
Անդրադառնալով Հին Հռոմի ստրուկների ապստամբությանը՝ ստեղծել է արդիականությանը համահնչուն ստեղծագործություն, բացահայտելով հանուն իր ազատության և մարդկային արժանապատվության ժողովրդի պայքարի գաղափարը: «Սպարտակ»-ը բնույթով մոնումենտալ, հերոսական-էպիկական ստեղծագործություն է՝ հագեցված վառ դրամատիկական հակադրություններով: Կոմպոզիտորի Ջութակի (1961թ.), Թավջութակի (1963թ., ՀՀ Պետական մրցանակ, 1965թ.) և Դաշնամուրի (1968թ.) կոնցերտ-ռապսոդիաներում (ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1971թ.) ժողովրդական ակունքների հետ կապը դրսևորվել է նյութի ազատ իմպրովիզացիոն զարգացման մեջ՝ հարստացված նուրբ վարիանտա-վարիացիային սիմֆոնիկ տեխնիկայով: Առանձնանում են մենանվագ գործիքների համար գրված նրա կադենցիաները, որոնք ժողովրդական կատարողների ոգեշունչ իմպրովիզացիա են հիշեցնում: Կոմպոզիտորի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում կամերային երաժշտությունը՝ դաշնամուրի (1961թ.), մենանվագ թավջութակի (1974թ.), մենանվագ ջութակի (1975թ.), մենանվագ ալտի (1976թ.) համար գրված սոնատներ, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարք (1928-70թթ): 1950թ-ից ծավալել է դիրիժորական լայն գործունեություն: Հեղինակային համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ տարբեր քաղաքներում և ավելի քան 40 արտասահմանյան երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում և այլուր: Շրջագայությունների ընթացքում հանդիպել է բազմաթիվ հանրահայտ մշակութային գործիչների՝ Յան Սիբելիուս, Էռնեստ Հեմինգուեյ, Չարլի Չապլին, Սալվադոր Դալի և այլք: 1950թ-ից դասավանդել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտում (1952թ-ից՝ պրոֆեսոր): Աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ա.Էշպայը, Է.Հովհաննիսյանը, Ա.Վիերուն (Ռումինիա), Մ.Թարիվերդյանը, Է.Խաղագորտյանը, Բ.Տրոցյուկը, Կ.Վոլկովը: 1957-ից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարը (1939-48թթ՝ Կազմկոմիտեի նախագահի տեղակալ), 1958թ-ից՝ Լատինական Ամերիկայի երկրների հետ բարեկամության և մշակութային համագործակցության սովետական ասոցիացիայի նախագահը: Պարգևատրվել է ԽՍՀՄ և Հայաստանի պետական բազմաթիվ շքանշաններով, արտասահմանյան երկրների բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, այդ թվում՝ Ֆ.Լիստի, Բ.Սմետանայի, Բ.Բարտոկի հուշամեդալներով, Խաղաղության համաշխարհային խորհրդի՝ Ժ.Կյուրիի մեդալով, ԲԺՀ-ի Կիրիլի և Մեֆոդիի 1-ին աստիճանի, ֆրանսիական «Արվեստի և գրականության» 3-րդ աստիճանի շքանշաններով: Ընտրվել է Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ (1960թ.), Գերմանիայի ԳԱ թղթակից անդամ (1961թ.), Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (1960թ.), Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1963թ.), Հայաստանի Գերագույն սովետի 1-ին և ԽՍՀՄ Գերագույն սովետի 5-րդ գումարումների դեպուտատ: 1954թ. արժանացել է ԽՍՀՄ, 1955թ.՝ Հայաստանի, 1963թ.՝ Վրաստանի, 1973թ.՝ Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Արամ Խաչատրյանի անունով է կոչվել Երևանի Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը (շենքի դիմաց կանգնեցվել է կոմպոզիտորի արձանը), փողոցներ Երևանում և այլ քաղաքներում, Երևանի թիվ 10 երաժշտական դպրոցը: 1984թ. բացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը: 1993թ. Երևանում անցկացվել է «Արամ Խաչատրյան-93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը, 2003թ.՝ երաժիշտ-կատարողների Ա.Խաչատրյանի անվան առաջին միջազային մրցույթը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար