«ԼՈՐԿԻԱՆԱ» ԵՎ «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» ԲԱԼԵՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

04 ՄԱՐՏ, 2015

Մարտի 5-ին, 9-ին և 21-ին Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվեն «ԼՈՐԿԻԱՆԱ» և «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» վերականգնված բալետային ներկայացումները:

«ԼՈՐԿԻԱՆԱ» մեկ գործողությամբ ներկայացումը բեմադրել է ՀՀ եւ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանը: Մարտի 5-ին դիրիժորական վահանակի մոտ կլինի Աթանես Առաքելյանը: Նույն օրը՝ երկրորդ բաժնում, հանդիսատեսին կներկայացվի «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» /հեղ.` Ժ.Բիզե-Ռ.Շչեդրին/ բալետային ներկայացումը /բեմադրիչ` ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյան/: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Հարություն Արզումանյանը:

«ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ»-ում Կարմենի կերպարը ծնվել է Պրոսպեր Մերիմեի նովելով և երկրորդ կյանք ստացել Ժորժ Բիզեի համանուն օպերայում: Ազատատենչ, կրքոտ գնչուհու պարային կերպարը երազում էր մարմնավորել լեգենդար Մայա Պլիսեցկայան: Այդ խնդրանքով նա դիմում է կուբացի բալետմայստեր Ալբերտո Ալոնսոյին: Պարուհու մտահղացումը համընկնում է բեմադրիչի վաղեմի ցանկությանը: Ռոդիոն Շչեդրինը ընդամենը 20 օրում ստեղծում է Բիզեի «Կարմեն»-ի փոխադրումը: Վերագործիքավորված փոխադրման մեջ կոմպոզիտորն ընդգրկել է միայն իսպանական ժողովրդական գործիքների հնչողությունը հիշեցնող հարվածայիններ և օպերայի ամենավառ երգային էջերը ներկայացնող լարայիններ: Ըստ Ալոնսոյի`«Կարմենի ամբողջ կյանքը կորիդա է»: Այս բնութագրող ասույթից էլ ծագել է Բորիս Մեսերերի նկարչական ձևավորումը:

«ԼՈՐԿԻԱՆԱ» բալետը ստեղծվել է Գարսիա Լորկայի հանճարեղ պոեզիայի ազդեցությամբ: «Ինձ համար Լորկայի ողջ պոեզիան մի անվախճան կրքոտ պար է, պար մտքի, զգացումի ու երևակայության»,-ասել է «Լորկիանայի» լիբրետոյի հեղինակ և բեմադրիչ Մարկ Մնացականյանը:

Թեև բալետում չկա Գ.Լորկայի այս կամ այն ստեղծագործության, սյուժեի անմիջական անդրադարձը, սակայն բեմադրությունը, նրա կերպարները գործողության մթնոլորտը ամբողջապես հագեցված են մեծ արվեստագետի պոեզիայի ոգով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար