ՈՒԼՏՐԱԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

26 ՓԵՏՐՎԱՐ, 2015

Փետրվարի 25-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահը հյուրընկալել էր դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին: 2015թ. դաշնակահարի երևանյան առաջին մենահամերգը կրում էր “Բարձունքին կանգնած” խորագիրը և ներկայացնում էր մի շարք երևանյան և համաշխարհային պրեմիերաներ:

Համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը հնչեցրեց ինչպես 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորների՝ Գալինա Ուստվոլսկայայի,  Հենրի Քոուելի, երաժիշտ-մտածող Գեորգի Գուրջիևի, այնպես էլ հանրահռչակ ժամանակակից կոմպոզիտորներ՝ Դյորդ Կուրտագի և Ջոնաթան Հարվիի ստեղծագործությունները:

Համերգային ծրագրի գերակշիռ մասն էր նաև ժամանակակից նոր սերնդի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները: Համերգի ընթացքում կայացավ չեխ կոմպոզիտոր Պետր Բակլայի “Ես կանգնած եմ բարձունքին” պիեսի համաշխարհային պրեմիերան: Իսկ կիպրացի կոմպոզիտոր Անդրեաս Ցիարտասի “Klithy... Méné... Elektris”, ռուս կոմպոզիտոր Դմիտրի Կուռլիանդսկու “Մակերես”, իրանցի կոմպոզիտոր Մեհդի Հոսսեինիի “Huzarag” ստեղծագործությունները Հայաստանում հնչում էին առաջին անգամ:

“Ժամանակակից երաժշտության ծրագրով Հայկի մենահամերգին երկար էին սպասել դաշնակահարի հայաստանյան երկրպագուները: 20-րդ դարի դասականներից բացի այս անգամ Հայկը ծրագրում ներառել էր նաև գերժամանակակից ստեղծագործությունների մի փունջ, որտեղ կիրառված են կատարողական ոչ ավանդական ձևաչափեր՝ դաշնամուր և էլեկտրոակուստիկ ձայներ, նվագ՝ պոլիէթիլենային կտորներով, կատարման ընթացքում ձեռնոցների կիրառում և այլն: Ուրախալի էր տեսնել հայ ունկնդրի ոգևորությունը և մեծ հետաքրքրությունը դեպի ժամանակակից երաժշտությունը, որն ապացուցում է Հայաստանում առհասարակ արդի արվեստի հանդեպ հարգանքի և պահանջարկի մասին”,- նշում է Դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

Նշենք, որ դաշնակահար Հայկ Մելիքյանի առաջիկա համերգը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրում Դաշնակահարը կհնչեցնի Իգոր Ստրավինսկու դաշնամուրային կոնցերտը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար