ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին գտնվում է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Կառուցվել է 915-21թթ. Գագիկ Արծրունու պատվերով,  ճարտարապետն էր Մանվելը: 13-րդ դարում եկեղեցու արևելյան մասում կառուցվել է մատուռը, իսկ ավելի ուշ՝ 1296թ. հարավ արևմտյան մասից ավելացվել է աղոթատունը: 19-րդ դարի սկզբին կառուցվել է նաև զանգակատունը: 1116 -1895թթ Աղթամար կղզին Մայր Կաթողիկոսական նստավայրն էր: 1915թ. թուրքերը թալանում են Սբ. Խաչը և դաժան կերպով սպանում քահանաներին: Տաճարի պատերը դրսից շրջառում են պատկերաքանդակների վեց հորիզոնական գոտիներ, այլաբանորեն փառաբանում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, քրիստոնեությունը, Արծրունյաց տոհմի մեծերին ու նրանց քաջագործությունները: Ստորին գոտին ներկայացնում է ոճավորված տերևներով բուսական ալիքաձև զարդի նեղ ժապավեն։ 2-րդ գոտին Հին և Նոր կտակարանների, մասամբ էլ աշխարհիկ սյուժեներով կատարված մեծադիր հարթաքանդակների շարք է, որն ընդգրկում է տաճարի հարավային, արևելյան և հյուսիսային ճակատները։ Նույն բարձրության վրա, արևմտյան ճակատում, Գագիկ Արծրունի թագավորի պատկերն է։ Նրա կողքին, ամբողջ հասակով, պատկերված է Քրիստոսը, որին Գագիկ Արծրունին պարզել է եկեղեցու մանրակերտը։ Այստեղ տեսնում ենք քրիստոնեական արվեստին ոչ բնորոշ մի փաստ՝ Գագիկ Արծրունին քանդակված է ավելի բարձրահասակ(գլխին կա լուսապսակ) քան Քրիստոսը: Գոտու սյուժեները բազմազան են, Հին Կտակարանի թեմաներից քանդակված են՝ Հովնանի ծով նետվելն ու հրաշքով ազատվելը, մենամարտի պատրաստ Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, Ադամն ու Եվան, Դանիելը՝ առյուծների գբում ։ Նոր Կտակարանից վերցված են գահույքների վրա  նստած Քրիստոսն ու Աստվածամայրը, չար ուժերի դեմ մաքառող սուրբ զինվորները և այլն։ Հարավային ճակատի կենտրոնական հատվածում ամբողջ հասակով ներկայացված են Արծրունյաց տոհմի չորս հերոս նախնիները՝ իրենց տոհմանշաններով, զինանշաններով և պահպանիչ խորհրդանշաններով շրջապատված։ Արևելյան ճակատին քանդակված են Հայաստանում քրիստոնեություն քարոզող առաքյալները և Գրիգոր Լուսավորիչը։ Սբ. Խաչ եկեղեցին հարուստ է կենդանական քանդակներով։ Առյուծի, հովազի, արջի, քարայծի, եղջերուի և այլ կենդանիների միմյանցից հեռու բարձրաքանդակները գրեթե եռաչափ են։ Ավելի վեր խաղողի չընդհատվող որթագալարն է, որի շիվերի օղակներում պատկերված են աշխարհիկ կյանքի տեսարաններ՝ այգու մշակում, բերքահավաք, գինու պատրաստում, պայքար բերքը հափշտակող վայրի կենդանիների դեմ, թատերախաղի առանձին դրվագներ և այլն։ Գոտու արևելյան ճակատամասում ներկայացված է խնջույքի տեսարան, կենտրոնում նստած է Գագիկ արքան, որի երկու կողմերում կանգնած են երիտասարդ իշխաններ: Արևմտյան թևի քիվի տակ ձգվում տեղադրված են մարդկային դիմաքանդակներ, որոնք, հավանաբար, ներկայացնում են տաճարի շինարարությանն օժանդակած իշխաններին և նրանց կանանց։ Թմբուկի քիվի վրա ձգվում է վեցերորդ գոտին։ Ի հակադրություն ստատիկ քանդակների, այս վերջին երկու գոտիներում արտակարգ դինամիկայով է կերպավորված սարսափահար եղնիկների, քարայծերի ու եղջերուների փախուստը առյուծների ու հովազների կատաղի հետապնդումից: Աղթամարի բարձրաքանդակներից շատերը ներկված են եղել վառ գույներով, իսկ դրանց աչքերի բիբերը՝ ագուցված կապտավուն, ջնարակած խեցիներով։ Տաճարը նշանավոր է նաև որմնանկարներով, թմբուկի պատերին Ադամի և Եվայի ամբողջ պատմությունն է։ Պատերի ցածրադիր մասերը շրջառում են որմնանկարների երեք գոտի՝ հաջորդաբար պատկերելով Քրիստոսի վարքաբանական տեսարանները։ 2005թ. թուրքական կառավարությունը ֆինանսավորել է Սուրբ Խաչի վերանորոգումը և 2007թ. վերանորոգման աշխատանքները ավարտին են հասցվել: Սակայն, թուրք պաշտոնյաները հրաժարվել են եկեղեցու գմբեթի վրա խաչ տեղադրել, պարզաբանելով, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի պարզեն նախկինում այնտեղ խաչի առկայությունը: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ խաչը իսկապես գոյություն ուներ, բայց երբեք իր ճիշտ տեղում չի գտնվել: Սեպտեմբերի 19-ին՝ ցեղասպանությունից 95 տարի անց, առաջին անգամ Սբ. Խաչ եկեղեցում պատարագ էր անցկացվել, չնայած այցելուների մեծ մասը, ովքեր մտադիր էին այցելել Աղթամար մասնակից լինելու այդ նշանակալի իրադարձությանը, եկեղեցու գմբեթին խաչի բացակայության պատճառով իրենց գալը չեղյալ հայտարարեցին: Հոկտեմբերի 2-ին Վանի մարզպետը և Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Սբ. Խաչ եկեղեցում խաչի տեղադրման միջոցառում կազմակերպեցին: Սկսած 2010թ. ամեն տարի Սեպտեմբերի 2-րդ կիրակին, որը համընկնում է Սբ. Խաչի տոնի հետ, տեղի է ունենում պատարագ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար