ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ

Բղենո Նորավանքը եզակի տեղ է գրավում միջնադարյան Սյունիքի և ընդհանրապես հայկական ճարտարապետության մեջ: 1940-ական թթ հայտնաբերված ու հանգամանորեն ուսումնասիրված այս հուշարձաններից կիսավեր վիճակում պահպանվել է միայն եկեղեցին` իր սրահներով: Մնացած շինությունները կիսակործան են, հողով ծածկված: Վերջնական նկարագրով եկեղեցու հատակագծային ու ծավալատարածական հորինվածքը աննախադեպ է և հետևանք տարբեր ժամանակների շինարարական գործունեության: Պատմական տվյալներով վանքը հիմնադրվել է 935թ. ոմն Ստեփանոսի կողմից: Որոշ ժամանակ անց Գևորգ և Հովհաննես հոգևորականների ջանքերով կառուցվում է: Կառուցման ժամանակների տարբերության մասին են վկայում նաև գործադրված շինարվեստի տարբերությունը՝ եկեղեցին արված է անկանոն, իսկ սրահները մեծաչափ, կանոնավոր ձևի սրբատաշ քարերով: Ընդհանուր առմամբ ճարտարապետական պարզ ձևերով այս հուշարձանը ուշագրավ է հարդարանքի իր ինքնատիպ միջոցներով: Դրանց թվին են պատկանում եկեղեցու արևմտյան շքամուտքը` վերնաքիվով պսակված լայն երեսակալով, որի զարդանախշերի մոտիվները (ուլունքաշար, մեանդր) սերվում են անտիկ զարդարվեստի մոտիվներից, սրահի արևմտյան կամարակապ մուտքի երկու կողմերը զարդարող կիսասյուներն իրենց խոյակներով, որոնց տերևանախշերը հանդիպում են 11-րդ դարի առաջին կեսի որոշ հուշարձաններում (Անիի Սբ.Առաքելոց, Բջնիի Սբ.Աստվածածին), պատերին երբեմն ագուցված ութ պատկերաքանդակները, որոնցից իրենց տեղում պահպանվել են միայն Քրիստոսի` երկու հրեշտակներով և Աստվածամոր պատկերաքանդակները, իսկ մյաուսները գտնվում են դրսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար