ԱՇՏԱՐԱԿԻ ԿԱՐՄՐԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքի հյուսիսարևելյան կողմում, հին Բերդաթաղից ոչ հեռու, բարձր սարալանջի վրա: Փոքրածավալ, ներդաշնակ համաչափություններով սլացիկ շինություն է: Եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, մատենագրական աղբյուրներում ևս որևէ հիշատակություն չկա: Կառուցվածքային հորինվածքով և ճարտարապետական մանրամասերով 7-րդ դարի կառույց է, որը մեզ է հասել գրեթե անփոփոխ, կանգուն վիճակում: Գմբեթավոր միախորան տիպի է` քառաթև հատակագծով, արևելյան թևում գտնվող միակ խորանով: Կառուցված է դարչնակարմրավուն տուֆից: Ներքուստ հարդարված է որմնանկարներով, որոնցում պատկերված են «Քրիստոսը փառքի մեջ» կոմպոզիցիան և Սուրբ հեծյալները` հայերեն մակագրություններով: Դեկորատիվ հարդարանքը զուսպ է` ճարտարապետական կերտվածքին համահունչ: Եկեղեցու ոչ մեծ չափերը (6 x 7,5 մ), հարդարանքի պարզությունը ենթադրում են, որ սա եղել է իշխանական տոհմի դամբարան: Եղել է նաև կուսանաց վանք և գործել մինչև 1813թ.: Շրջապատված է սրբատաշ տուֆ քարերով շարված պարիսպներով, որոնք կառուցվել են 1326թ., որոնք մասնակի նորոգումներով պահպանվել են մինչև մեր օրերը: Կարմրավորի բակում միջնադարյան գերեզմանոց է` 12-17-րդ դարերի խաչքարերով և տապանաքարերով: Այստեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ։ Դրանցից 1-ինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է Շուխյանց ընտանիքը։  1956թ. իրականացվել են հուշարձանի նորոգման և բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում հեռացվել է եկեղեցուն արևմուտքից կից, արդեն կիսավեր աղոթարանը: Եկեղեցու դուռը փայտից է` զարդարված փորագրություններով ու երգող հրեշտակներով: Պատրաստվել է վարպետ Սարգիս Պողոսյանի կողմից 1983թ.։ Կարմրավորի կողքին՝ մի գողտրիկ անկյունում է գտնվում նաև հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար