ԱՄԱՐԱՍ

4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչն Ամարասում հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ 5-րդ դարի վերջին Գրիգորիսի գերեզմանի վրա Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է մատուռ, որն այժմ էլ գոյություն ունի (մայր եկեղեցու ներսում, ավագ խորանի ներքո)։ Ամարասը գավառի ոչ միայն հոգևոր (եպիսկոպոսանիստ), այլև մշակութային ու տնտեսական կարևոր կենտրոնն էր։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է Արցախի 1-ին դպրոցը։ Արաբական տիրապետության շրջանում վանքը մի քանի անգամ ենթարկվել է ասպատակության` գավառով հանդերձ, և ժողովուրդը Առանշահիկ իշխաններ Սահլ Սմբատյանի, ապա Եսայի Աբու-Մուսեի գլխավորությամբ ջախջախել է ասպատակիչներին։ Վանքը ներփակված էր պարիսպներով և վտանգների դեպքում դառնում էր բերդամրոց, որտեղ պատսպարված ժողովուրդը դիմակայում էր թշնամուն։ Այդ պատճառով Ամարասի վանքը բազմիցս ենթարկվել է ավերածության թուրք-սելջուկների և թաթար-մոնղոլների կողմից, սակայն միշտ էլ արագորեն վերականգնվել ու շենացել է։ Այս հիմքի վրա ստեղծվել է նույնիսկ ժողովրդական մի հայտնի ավանդություն, ըստ որի հերթական բռնավորը հիմնահատակ կործանում էր գյուղաքաղաքը և որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը` զինվորները վանքի քարերն իրար տալով` թափում էին գետը։ Սակայն ամեն անգամ, երբ ասպատակիչները հեռանում էին գավառի սահմաններից, վանքը իր նախկին շուքով վերստին կանգնում էր ավանդական տեղում։ Ամարասի վանքն ամենածանր ավերածության ու թալանի է ենթարկվել 13-րդ դարի վերջին, մոնղոլական Աբաղա խանի հրոսակների կողմից։ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, 14-րդ դարի վերջին, Ամարասը խիստ ավերվեց, բայց վանքը չկորցրեց եպիսկոպոսական աթոռը։ 15-16-րդ դարերի ծանր պայմաններում անգամ Ամարասը մնում էր որպես մշակութային աշխույժ կյանքով ապրող միաբանության կենտրոն։ Այնտեղ անընդմեջ գործում էր դպրոցը, ստեղծվում էին թանկարժեք ձեռագրեր, որոնցից շատերը հասել են մեզ։ Վանքի մայր եկեղեցին կառուցված է Շուշիի քարհանքի բաց մոխրագույն սրբատաշ որձաքարով։ Տաճարի սրահի երկարությունը 23մ է, լայնությունը` 13,33մ։ Պահպանվել են պարիսպները, ինչպես նաև վանքի օժանդակ շինությունների մեծ մասը։ Ամարասում հայտնաբերված խաչքարը, իր վրա քանդակած արձանագրությամբ, թվագրվում է 925թ. Այսպիսով, այդ խաչքարը դասվում է թվագրված կոթողներից հնագույնների շարքին: 19-րդ դարի երկրոդ քառորդում Ամարասի վանքը որոշ ժամանակ գործում էր նաև որպես մաքսատուն: Այստեղ հանգրվան էին գտնում Արևելքից Ռուսաստան և Եվրոպական երկրներ ուղևորվող առևտրական քարավանները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար