ԱԽԹԱԼԱ

Ախթալայի վանական համալիրը 10-րդ դարի վերջին կառուցել են Կյուրիկյան Բագրատունիները։ Սակայն Ախթալայի պատմությունը սկսվում է դեռևս բրոնզի ու երկաթի դարերից։ 1887-89թթ ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանը Ախթալայում հայտնաբերեց 576 քարե ուղղանկյուն դամբարաններ, ինչպես նաև խեցե, երկաթե ու բրոնզե գտածոներ` Ք.ա. 8-րդ դարով թվագրվող։ Տեղանքը հնուց ի վեր հայտնի է եղել որպես պղնձի հարուստ հանքավայր ։ Պատմիչներ Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու վկայությամբ` 12-13-րդ դարերում բնակավայրը կոչվել է Պղնձահանք։ 1180-ականներին Պղնձահանքը դարձավ Իվանե Ա Զաքարյանի սեփականությունը։ Իվանեի եղբայրը` Զաքարեն, մնաց հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ, իսկ Իվանեն վրացական աշխարհիկ և հոգևոր ատյանի առջև ընդունեց բյուզանդական ուղղափառությունը` քաղկեդոնությունը (որը վրաց եկեղեցին ընդունել էր 7-րդ դարում), և վանքը վերածեց քաղկեդոնական մենաստանի։ Ախթալայի վանքից բացի, քաղկեդոնության փոխեցին նաև հյուսիսային Հայաստանի մի քանի այլ եկեղեցիներ։ Պղնձահանքը եղել է Գուգարքի վրացադավան կամ քաղկեդոնական հայերի կրոնական կենտրոնը և հայ-վրացական կրթարան։ Սկսած 18-րդ դարի վերջից` վանքը ծառայում էր հույներին։ 1763թ. վրաց թագավոր Հերակլ Բ-ն Օսմանյան կայսրության տարածքում գտնվող Գյումուշխանե բնակավայրից Ախթալա տեղափոխեց մոտ 800 հույն ընտանիքներ։ Հույները կոչեցին վանքը «Մերամանի»։ 19-րդ դարում Ախթալան դարձավ հայ իշխանական ընտանիքներից մեկի` Մելիքովների սեփականությունը։ Հենց այդ շրջանում էլ կառուցվեց ռուսական մատուռը: Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր` սեպտեմբերի 20-21-ը, երբ վանք են այցելում հայեր, հույներ ու վրացիներ։ Ախթալան Հայաստանի որմնանկարչության զարգացման շրջանի անխաթար մնացած վառ օրինակներից է։ Սբ. Աստվածածին եկեղեցին հռչակված է իր առաջնակարգ և բարձրարվեստ որմնանկարներով, որոնք կատարվել են 13-րդ դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի, իսկ ստորին շերտը վերաբերում է 11-րդ դարին: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է: Որմնանկարների մեծ մասն ունի հունարեն, մյուս մասն էլ վրացերեն արձանագրություններ: Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում՝ Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է՝ գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին. (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության, խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։ Հիսուսը պատկերված է երկու անգամ՝ մերթ շրջված դեպի աջ, մերթ դեպի ձախ՝ առաքյալների հետ հացը կիսելիս։ Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները։ Քիչ ավելի ներքևում ողջ հասակով պատկերված են սրբեր, ի թիվս որոնց՝ Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները։ Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին՝ Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին։ Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով։ Որմնանկարների մի մասը վերականգնվել է։ Ախթալայի ամրոցը կանգնեցվել է բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա` բնական պատնեշներ հանդիսացող ժայռապատ խոր ձորերով եզերված։ Որոշ չափով բաց տարածքները պաշտպանված են աշտարակներով ու պարիսպներով։ Ամրոցի միակ մուտքը հյուսիսից է` պաշտպանված շրջանաձև հատակագծով եռահարկ կոնաձև աշտարակով ու պարիսպներով։ Աշտարակավոր պարսպապատերը պաշտպանում էին ամրոցի ներսում գտնվող վանքի հյուսիսային մուտքը։ Վանքի գլխավոր եկեղեցին Սբ. Աստվածածինն է, եկեղեցուն կից սրահը և փոքրիկ եկեղեցին, որտեղ ըստ պատմիչներ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու` թաղված են իշխան Իվանե Զաքարյանը և նրա որդին` Ավագը։ Սբ. Աստվածածին եկեղեցուց դեպի հյուսիս` պարսպապատին կից, բնակելի և տնտեսական շինություններ են եղել, որոնցից պահպանվել են կրկնահարկ կառույցի (հնարավոր է` մենաստանի կամ սեղանատան) պատերը։ Կառույցը հարում է արևելյան պարսպապատին և ունեցել է փայտե ծածկ. հնարավոր է նաև, որ այստեղ տեղակայվել է ամրոցի պահակախումբը։ Պահպանված պատերը վկայում են այս շինության չափսերի մասին. այն ունեցել է մեկ սրահ և ընդհանուր ննջասենյակներ։ Շինությունը ելք ուներ դեպի գետի կիրճը տանող թունել, դեպի բաղնիք և ստորգետնյա ամբարներ։ Գլխավոր եկեղեցու կողքին` վանքի բակի հյուսիս-արևելքում, կանգուն է միանավ թաղածածկ 13-րդ դարի եկեղեցին ` արևելյան ճակատից դուրս եկող կիսաշրջանաձև խորանով, ինչը բնորոշ է հայկական եկեղեցաշինությանը` 5-6-րդ դարերից սկսած։ Ախթալան ռազմապաշտպանական և հոգևոր հզոր կենտրոն է եղել, ինչի մասին են վկայում գյուղի 10-13-րդ դարերի բազմաթիվ ամրաշինությունները, եկեղեցիները և մատուռները։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար