ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

Ապրակունիսի Սբ. Կարապետ եկեղեցին գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի (այժմ՝ Նախիջևանի Ջուլֆայի շրջանում) Ապրակունիս գյուղի մոտ` սարավանդի վրա։ Հիմնադրել է Մաղաքիա Ղրիմեցի վարդապետը 1381թ. ։ Աշակերտներ հավաքելով՝ հրավիրել է Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն և վանքում հիմնադրել Ապրակունյաց բարձրագույն տիպի դպրոցը: Վանքի շինարարությունն ավարտել է Գրիգոր Տաթևացին, իսկ 1391թ., Լենկթեմուրի արշավանքի պատճառով, ստիպված հեռացել է Երնջակից։ 15-16-րդ դարերում Ապրակունիսի Սբ. Կարապետ եկեղեցին և  դպրոցն անկում են ապրել, 17-րդ դարում եկեղեցին ու մյուս շինություններն արդեն եղել են խարխուլ վիճակում։ 1655թ.Եսայի ու Ղազար վարդապետները նոր եկեղեցի են կառուցել՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով, բազմանիստ խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով։ Սբ. Կարապետ եկեղեցու հիմնական ծավալը կառուցված է սրբատաշ բազալտից, իսկ բարձր, սլացիկ թմբուկով գմբեթը՝ աղյուսից։ Հարդարանքի տարրերն են պատերի ստորին մասի բազմագույն, շախմատաձև շարվածքը և դեկորատիվ կամարաշարը։ Եկեղեցու խորանի վերևի արձանագրության մեջ նշված է ճարտարապետի անունը՝ Դավիթ ուստա։ Արևմտյան ճակատին 1664–66թթ կցել են եռակամար գավիթ-սրահ (այժմ՝ ավերակ)։ Հարավից կից է թաղածածկ, երկար Սբ. Ստեփանոս մատուռը, որը, ըստ շինարարական արձանագրության, 1714թ. կառուցել է  Խոջա Այվազը։ 1705թ.նախիջևանցի պարոն Աղամալը Սբ. Ստեփանոս մատուռի տանիքին երկհարկ զանգակատուն է կառուցել։ Ս. Կարապետ եկեղեցու ներսը Նաղաշ Հովնաթանի որդիներ Հարությունը և Հակոբը 1740թ.զարդարել են բարձրարվեստ որմնանկարներով, պահպանված հատվածներից արժեքավոր են Աստվածածնի, Պողոս և Պետրոս առաքյալների դիմապատկերները։ Ապրակունիսի Սբ. Կարապետ վանքը 14-18-րդ դարերում եղել է հոգևոր, մշակութ. և գրչության կենտրոն։ Ապրակունիսի Սբ. Կարապետ եկեղեցում պահվել են Սբ. Կարապետի և Սբ. Հովհան Ոսկեբերանի մասունքները, Հազարափրկիչ խաչը, որը համաճարակների ժամանակ տարել են ախտահարված վայրերը :

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար