ԱՆԻԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Անիի Սբ. Առաքելոց եկեղեցին կառուցվել է 1004-31թթ։ Ներսից քառախորան է, չորս անկյուններում՝ մատուռ-ավանդատներով, արտաքուստ քառակուսի հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է։ Ճակատները մասնատված են երկուական խորշերով և հարդարված են որմնակամարներով։ Անիի Սբ. Առաքելոց եկեղեցին Ավանի կաթողիկոսության Սբ․ Հովհաննես եկեղեցուց հետո հայկական երկրորդ հնգագմբեթ եկեղեցին է։ 12-րդ դարում Անիի Սբ. Առաքելոց եկեղեցուն հարավից կցել են գավիթ, որի ծածկը խաչվող կամարների կիրառման վաղ օրինակներից է։ Հարթ առաստաղը կազմված է սև ու կապույտ ներկված քարե սալերից։ Արևելյան ճակատի կենտրոնում շքամուտքի խորշն է։ Եկեղեցու և գավթի պատերին 13-րդ դարում փորագրվել են Անիի բնակչության կյանքը կանոնակարգող բազմաթիվ հրամաններ և օրենքներ (ապահարկության, երկրաշարժից հետո փողոցներում առևտրի արգելման, ամուսնության և ամուսնալուծման վերաբերյալ, կաշառակերությունը դատապարտող ևն)։ Այս կարևոր եկեղեցին պետք է, որ կառուցված լինի Պահլավունի արքայատոհմի կողմից և օգտագործված լինի եպիսկոպոսների կողմից այն ժամանակ, երբ Անին գտնվում էր այս արքայատոհմի հովանավորության տակ։ Ամենահին արձանագրությունը պատկանում է 1031թ., որում խոսվում է Աբուգամիր Պահլավունու կատարած հողային նվիրատվության մասին։ Հավանական է, որ ի սկզբանե Առաքելոց եկեղեցին կառուցվել է բացօթյա գավթում։ Դարերի ընթացքում այս գավիթը լցվել է եկեղեցուն գրեթե լրիվ շրջապատած շենքերով։ Այս կառույցներից մեկը՝ հարավային գավիթն է: 1909թ. կատարված պեղումերը ի հայտ են բերել նաև այլ կառույցների հիմքեր։ Գավթի և եկեղեցու մակարդակը ավելի ցածր է եղել քաղաքի մակարդակից։ Գավիթի հատակը ծածկված է մեծ մասամբ որպես գերազմանաքար ծառայող քարերով։ Փորագրված խաչքարերի մնացորդներ ևս գտնվել են գավթում։ Եղել է նաև մի դամբարան, որը հենված է եղել եկեղեցու արևելյան ճակատի հյուսիսարևելյան անկյան վրա։ Այն գրեթե լրիվ ոչնչացվել է, սակայն մեզ հասած մի շարք փորագրված կտորներում նշված է, որ այն պատկանում է 12-րդ դարին։ Եկեղեցու հյուսիսային կողմի վրա մի գավիթ է կառուցվել այն որպես դամբարան է ծառայել և ունեցել է դեպի արևելք հակված աբսիդ։ Սյուների նախագծից ելնելով՝ Մառը այս կառույցը թվագրել է ամենաուշը՝ 11–րդ դարի առաջին կեսով։ Երկու մուտք է ունեցել. մեկը՝ արևմտյան կողմից, որով մուտք էին գործում հարթ պատեր ունեցող մի սենյակ, իսկ մյուսը՝արևելյանը հասնում էր գավիթ, ուր հավանաբար մուտք էին գործում հյուսիսարևելյան անկյունում գտնվող դամբարանի ճանապարհով։ Եկեղեցու արևմտյան կողմում կառուցված է եղել մի սենյակ։ Սա նույնպես ծառայել է որպես դամբարան, և այստեղ մուտք են գործել հարավային գավիթի արևմտյան ճակատում գտնվող մի դռնից։ Ներսում գտնվել է 1184թ. մի արձանագրություն ունեցող գերեզմանաքար, որը պատկանել է Բարսեղ կաթողիկոսին: Հարավային գավիթի պատերի վրա կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ։ Մեծ մասը 13-րդ դարին են պատկանում (ամենահինը՝ 1215 թ.), որոշներն էլ 14-րդ դարից են: Մեծ մասը ոչ կրոնական թեմաներով են։ Նրանց մեջ, օրինակ, հանդիպում են ֆինանսական վարչության որոշումներ, հարկադրումից և առևտրական կալանքներից ազատված պահումներ կամ էլ զեղչման մասին մանրամասն փաստաթղթերով հիմնավորումներ։ Նման արձանագրությունները կարևորվում են այնքանով, որ դրանք գաղափար են տալիս տվյալ ժամանակահատվածում Անիի տնտեսական կյանքի մասին, և այն հանգամանքով, որ գավիթն օգտագործվել է ինչպես կրոնական, այնպես էլ այլ նպատակներով։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար