ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ

Աբովյան փողոցը Երևան քաղաքի անդրանիկ և գլխավոր փողոցն է: Այն ունի ավելի քան մեկ ու կես դարի պատմություն: Սկզբում կոչվել է Աստաֆևսկայա, ի պատիվ Երևանի նահանգապետ` Աստաֆևի, որն այդ պաշտոնը վարել է 1864-69թթ:  1855թ. Կովկասի փոխարքան (որի նստավայրն էր Թիֆլիսը) հաստատեց Երևան քաղաքի փողոցների պլանավորումը, որոնց համար սահմանվեց 6-20 մետր լայնություն: Սակայն 20 մետր լայնությամբ կառուցվեց միայն Աստաֆևսկայան, իսկ մյուսների համար պահպանվեց միջինը` տասներկու մետր: Չնայած փողոցը պաշտոնապես Աստաֆևսկայա էր կոչվում, երևանցիները այն անվանում էին Աստաֆյան: Ի դեպ միաժամանակ քաղաքի աչքի ընկնող փողոցները եղան Նազարովսկայա (Ամիրյան), Բեբուտովսկայա (Սվերդլովի) և Ցարսկայա (Սպանդարյան) փողոցները: Աստաֆևսկայա փողոցը եղավ Երևանի առաջին պլանավորված փողոցը: Ժամանակին երևանցիները  «պլան» ասելով նկատի էին ունենում առաջին հերթին Աստաֆևսկայա փողոցը: Դրա հետ մեկտեղ գործածական դարձավ նաև «Պլանի գլուխ» անունը, որը Աստաֆևսկայա փողոցի վերին մասն էր: Ներկայումս այդ տեղը կոչվում է Աբովյան պուրակ, ուր կանգնեցված է մեծ Խաչատուր Աբովյանի արձանը: 1883թ. քաղաքային դուման, ի պատիվ Ալեքսանդր 3-րդի, որոշում ընդունեց Աստաֆյան փողոցը վերանվանել Ալեքսանդրովսկայա, իսկ 1921թ.` Աբովյան, որը մինչ օրս էլ կրում է այդ անունը:1933թ. հունվարի 12-ին առաջին տրամվայն անցավ Աբովյան փողոցով: Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Պողոս-Պետրոս և Կաթողիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի մշակույթի հնագույն հուշարձանների շարքին: Պողոս-Պետրոսը 5-րդ դարի, իսկ Կաթողիկեն 13-րդ դարի կոթողներ էին: Առաջինը գտնվում էր ներկա Մոսկվա կինոթատրոնի տեղում, (այն քանդվեց 1933թ.), իսկ երկրորդը` Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյունում: Փողոցի աջ կողմում (Աբովյան 10 – Պուշկին 12) 1870-ական թթ կառուցվել է` վաճառական Գրիգոր Ամիրյանի տունը, որտեղ 1910-11թթ գործել է աչքի հիվանդանոցը, 1911-15թթ.` բժիշկ Հ. Հովհաննիսյանի մասնավոր բուժարանը։ 1915թ. կառուցված հայտնի վիրաբույժ Հովհաննիսյանի բնակելի տան ու բուժարանի Ճարտարապետը Բ. Մեհրաբյանն է, շինությունը երկհարկանի է, նկուղով, իսկ կողային ծավալների միջև կազմակերպված է ծառերի փոքրիկ պուրակ։ Առանձնապես շքեղ և ինքնատիպ է ապակե պատկերով հարդարված գլխավոր ճակատը։ Այս շենքում է գործում Արտասահմայան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ-ի շենքը)։ Հաջորդ տունը, որը նույնպես պատկանել է Գրիգոր Ամիրյանին, կառուցվել է 1883թ.։ 1929-36թթ այս տանն ապրել են Ալ. Մյասնիկյանը և ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Աղասի Խանջյանը։ Փողոցի ձախ կողմում (Աբովյան 3/1 հասցեում) Եգոր Խանզադյանցի բնակելի տունն է, որը 1905թ. միասին նախագծել են Բ. Մեհրաբյանն ու Վ. Միրզոյանը։ Խանզադյանցը հին Երևանում ճանաչված է եղել որպես 1877թ. հիմնած կտորեղենի «Սաքսոնական» խանութի տեր։ Խորհրդային տարիներին այս տանն է ապրել ճարտարապետ Կարո Հալաբյանը` ով մեր մայրաքաղաքի մի քանի ուշագրավ շենքերի հեղինակն է։ Փողոցով բարձրանալով` կտեսնեք խորհրդային տարիներին մայրաքաղաքում կառուցված (1927թ. ) 1-ին հյուրանոցը` «Երևանը» (այժմ` «Գոլդեն թյուլիփ Երևան»), ճարտարապետը Նիկողայոս Բունիաթյանն է։ Իր ժամանակին այս հյուրանոցի բացօթյա սրճարանը եղել է ճանաչված հայ մտավորականների սիրված հավաքատեղին: Հյուրանոցի դիմաց բացվում է Շառլ Ազնավուրի (նախկինում` «Մոսկվա» կինոթատրոնի) հրապարակը, որը նախատեսված է եղել Երևանի 1924թ. գլխավոր հատակագծով։ Հրապարակը կազմակերպվել է 1927-58թթ, երբ կառուցվեցին «Երևան» հյուրանոցը, «Մոսկվա» կինոթատրոնի, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնի շենքերը և Հայաստանի Նկարիչների միությունը։ «Մոսկվա» կինոթատրոնը կառուցվել է 1937թ.` ճարտարապետներ Տ. Երկանյանի և Գ. Քոչարի նախագծով։ 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար