ԳԱԳԱ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՎԱՆՔ

Գագա Սբ. Սարգիս վանքը հին հայկական վանք է, գտնվում է պատմական Գարդմանքում, այժմ՝ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղից 4 կմ դեպի արևմուտք՝ ՀՀ պետական սահմանից հազիվ 0,5 կմ արևելք՝ Գագ լեռան գագաթին։ Միջնադարյան Հայաստանի մեծահռչակ վանքերից մեկի՝ Գագ բերդի կամ Գագա Սբ. Սարգիս վանքի հիմնադրման պատմությունը ավանդաբար կապվում է քրիստոնեության համար նահատակված և սրբերի շարքում դասված զորավար Սբ. Սարգսի հետ։ Նրա մասունքները Մեսրոպ Մաշտոցը բերել և ամփոփել է Ուշի գյուղի (ՀՀ, Արագածոտնի մարզ) և Գագ բերդի (Ղազախի շրջան) տարածքում՝ հիմնելով Սբ. Սարգիս անունով երկու եկեղեցի: Գագի եկեղեցու՝ Սբ. Սարգսի պաշտամունքի հետ կապված լինելը փաստում են նաև վրացական աղբյուրները: Գագա Սբ. Սարգիս վանքը հիշվում է 1130 թ.: Ինչպես վկայում են վիմագիր արձանագրություններն ու արխիվային վավերագրերը Գագա Սբ. Սարգիս վանքը, որը միաժամանակ մեծ հռչակ ունեցող ուխտատեղի էր դարերի ընթացքում պարբերաբար ենթարկվել է նորոգությունների։ Մեզ հայտնի վերջին նորոգությունը, որ ձեռնարկել էր Աղա Սարգիս Վարշամյանը և իրականացրել թիֆլիսեցի որմնադիր Եսայի Նուրինյանցը, ավարտվել էր 1851թ.: Ավելի ուշ նորոգչական աշխատանքներ է ծավալել կոթեցի Արզուման Խաչատրյան Տեր-Սարգսյանցը։ Վանքի որմերի արձանագրությունները, որոնք ժամանակագրորեն վերաբերում են 13-19-րդ դարերին, պատմական մեծ արժեք ու կարևորություն ունեն։ Ցավոք, դրանց ընդօրինակման, վերծանման և հրատարակման գործն աչքաթող է արվել երկրամասի տարածքում հայերեն վիմագրերի հավաքման աշխատանքին լծված հայտնի մասնագետների կողմից։ Բացառություն են կազմում Սբ. Ջալալյանցը և «Արձագանք»-ի թղթակիցը։ Վերջինիս հրատարակած թվով 5 արձանագրություններից 1986թ. պահպանվել է միայն մեկը, ևս մեկն էլ միտումնավոր քերված է, սակայն որոշ տառեր տեղ-տեղ դեռևս նշմարելի են:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար