ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ

Թարգմանչաց վանքը գտնվում է Խաչակապ գյուղից մոտ 3 կմ դեպի հյուսիս. բաղկացած է մի փոքր եկեղեցուց, ընդարձակ գավթից ու զանգակատնից: Պարսպափակ բակում պահպանվել են այլ շինությունների հիմնապատերը: Ըստ ավանդության, վանքը հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի ներկայությամբ, սակայն ներկայումս կանգուն շենքերը ոչ մի կերպ չեն առնչվում 5-րդ դարի արվեստի հետ: Այդ հնագույն շրջանին կարող է վերաբերվել այն ստորերկրյա դամբարանը, որը գտնվում է բակում` հյուսիսային դարպասի դիմաց: Դամբարանի վրա եղած շենքերն այժմ փլատակներ են նորության կնիքով, իսկ բուն դամբարանը համակ սրբատաշ և մեծամեծ քարերով շինված մի փոքր տարածություն է, ուր իջնելու համար շինած են նեղ աստիճաններ: Անվանի նահատակների մասունքների վրա նման դամբարանների գոյությունը Արցախում հիշատակված է մատենագռության մեջ և ապացուցվում է իրական մնացորդներով: Եկեղեցին մի փոքր շենք է, գմբեթավոր, հարավից և հյուսիսից արտաքուստ կցված ավանդատներով: Շինված է անտաշ քարերով, ունի բազմաթիվ նորոգումների հետքեր, որոնց ընթացքում, որպես շինանյութ, օգտագործվել են բազմաթիվ խաչքարեր, որոնք վերաբերվում են 10-17-րդ դարերին: Հուշարձանի պատերին երեք տեղով ագուցված են առանձնակի քարեր, որոնց վրա նշանակված է միևնույն 989թ.: Դրանք հին արձանագրության մաս չեն, ըստ երևույթին նորոգումների ժամանակ ավերված հին հիշատակագրության փաստական արժեքը հաստատող վկայություններ են: Նշված թվագրությունը համապատասխանում է եկեղեցու հին մասերի ճարտարապետական և կառուցողական արվեստի այդ շրջանի առանձնահատկություններին: Նույն ժամանակներին վերաբերվող մի բեկոր, վրան բարձրաքանդակ վիշապով, ագուցված է եկեղեցու արևելյան պատի վերին մասում, պատուհանի մոտ: Նույն տեղում ագուցված է նաև կլոր պատուհանի մի բեկոր, որն ունի հնագույն քանդակների գոտի: Գմբեթը ցածր է, ութկողմանի, ենթարկվել է բազմաթիվ նորոգումների, ըստ երևույթին ամենամեծը 16-17-րդ դարերում, որովհետև նրա ստորին մասի ամբողջ շարքը, ներքուստ, բաղկացած է այդ դարերին վերաբերվող 28 խաչքարերից: Վանքի գավիթը կառուցված է 1890թ., իսկ զանգակատունը` 1856թ.: Վանքը շրջափակված է պարսպով, որը մեծ մասամբ այժմ ավերակ է: Ավերակ են նաև բակում եղած օժանդակ շինությունները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար