ԱԳՈՒԼԻՍԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Ագուլիսի վանքային համալիրը գտնվում է Ագուլիսի ներքին կամ Խծայձոր թաղում, ներկայիս Ադրբեջանի տարածքում։ Տեղադրված է գետափի աջափնյա սարալանջի ստորոտում, հարթ ու բարձրադիր մի տեղանքում, այժմ կիսավեր է: Հիմնահատակ կործանված են վանքի շրջապարիսպը, հյուսիսային կողմից կցակառուցված գավիթը, վանքապատական շենքերի մի մասը: Եկեղեցու կառուցման մասին, որպես ականատես, մանրամասն տեղեկություններ է հաղորդում Զաքարեա Ագուլեցին: Հիմնարկեքը տեղի է ունեցել 1664թ. մայիսի 31-ին, հիմքերը օրհնվել են հուլիսի 5-ին, որից հետո սկսվել է շինարարությունը, որն ավարտի է հասցվել 1665թ. նոյեմբերի 5-ին ու կատարվել բացման հանդիսավոր արարողությունը: Շուրջ 20 տարի հետո`  1686թ. արվել են որմնանկարները, այնուհետև հոկտեմբերի 31-ին եկեղեցին նորից է օրհնվել: Եկեղեցու հյուսիսային կողմի միակ մուտքում տեղադրված է եղել փայտակերտ, սադափով ու փղոսկրով ընդելուզված գեղեցիկ մի դուռ: Դռան վերնամասում ագուցված է մի արձանագիր քար 1694թ. թվագրությամբ: Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին հիմնականում կառուցվել է ճեղքած ու կիսամշակ որձաքարերով: Արևելյան ճակատի երեսպատման համար օգտագործվել է թրծված աղյուսն, իսկ գմբեթի թմբուկն ու գմբեթն ամբողջովին աղյուսաշեն են եղել: Հատակագծային և ծավալատարածական հորինվածքով եկեղեցին գմբեթավոր բազիլիկ է եղել: Արտաքին պարագծում տեղավորված ընդարձակ աղոթասրահի կենտրոնում բարձրացող հատակագծում քառակուսի չորս մույթերի վրա հենվել է գմբեթի ութնիստ թմբուկն ու պսակվել բազմանիստ վեղարով: Արտասովորն այս հուշարձանում ավագ խորանի ստորին մասի ուղղանկյուն լինելն է: Դրա երեք պատերում երկուական խորշեր կային, որոնցից անկյունայինները միավորվելով կամարներով, ավագ խորանը վերնամասում դարձնում էին հնգանիստ: Կողքի ավանդատները քառակուսի էին, կրկնահարկ: Առաջին հարկի երեք պատերում երկուական պատուհանախորշեր կային: Եկեղեցու շինարարությունն ավարտվել է պարսպապատերի խցերի, սեղանատան և կից խոհանոցի կառուցմամբ: Վանքապատկան այդ շինություններից կիսավեր վիճակում պահպանված էր սեղանատունը, կառուցված արևելյան ճակատի հիմնապատի մոտ: Այն միանավ դահլիճ տիպի է, թաղածածկ հորինվածք ուներ, մուտքերով և լուսամուտներով արևելակողմից և 9 պատրհանախորշեր` արևմտյան պատում: Պարիսպներից ներս, հյուսիսակողմում, գավթի առջև գտնվում էր վանքի գերեզմանատունը, որի տապանաքարերի մի մասը օգտագործվել է եկեղեցու կառուցման ժամանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար