ԳԱԳԿԱՇԵՆ ԵԿԵՂԵՑԻ

Գագկաշեն, Գագիկաշեն կամ Գրիգոր Լուսավորչի տաճարը գտնվում է Անիում։ Կառուցվել է 1001−10թթ, ճարտարապետն է Տրդատը: Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ա Բագրատունի թագավորի պատվերով՝  Անիում վերակերտելով ավերակ Զվարթնոցի հորինվածքը։ Կառույցի ավերակները բացվել են 1905-06թթ պեղումների ընթացքում։ Թորոս Թորամանյանը ուսումնասիրել և կազմել է Գագկաշենի վերակազմության նախագիծը, որը հիմնավորվել է հետագայում, երբ պեղումների ժամանակ հայտնաբերվել է Գագիկ Ա Բագրատունու արձանը՝ ձեռքին եկեղեցու մանրակերտը բռնած։ Կառույցը եռաստիճան (եռահարկ), դեպի վեր աստիճանաբար նվազող տրամագծերով, երեք գլանային (արտաքուստ բազմանիստ) ծավալներով՝ կենտրոնագմբեթ հորինվածք է։ Երեք հարկի արտաքին պատերը գոտևորում են կրկնակի կիսասյուների վրա ձգվող դեկորատիվ կամարաշարեր։ Պահպանելով Զվարթնոցի կառուցվածքային ընդհանուր հորինվածքը՝ ճարտարապետը ուրույն մոտեցումով մեծացրել է ենթագմբեթային քառակուսու չափերը, ծանր, հաստահեղույս մույթերը փոխարինել նրբագեղ, վերասլաց սյուներով, ավելացրել արտաքին նիստերի քանակը (32-ի փոխարեն՝ 36), պարզեցրել ճարտարապետական մանրամասերը։ 1013թ. տաճարը մեծ վնասվածքներ է ստացել (կառուցվածքային թերությունների պատճառով), և նրա որոշ մասեր (աբսիդների կենտրոնական զույգ սյուները, միջին հարկը պահող կամարները և այլն) ամրացվել են։ Այդուհանդերձ, Գագկաշենը կործանվել է (ավելի վաղ, քան Անիի մյուս եկեղեցական շենքերը)։ Հետագայում տուժել է նաև թուրքերի արշավանքից։ 1918թ. թուրքական զորքերի Անի մտնելուց առաջ, Ա. Քալանթարն ու նրա օգնականները Գագիկ Ա Բագրատունու արձանը թաղել են Անիի տարածքում, իսկ պեղումների նյութերը տեղափոխել Ախուրյանի ձախ ափ: Գագիկ Ա Բագրատունու արձանը (բարձր. 2,26 մ) տեղադրված է եղել եկեղեցու հյուսիսային պատին: Այն հայկական միջնադարյան քանդակագործական արվեստում կլոր ծավալով իրականացված միակ պահպանված ստեղծագործությունն է: Կերտված է վարդագույն տուֆից և ներկված տարբեր գույներով, գլխին՝ սպիտակ չալմա, հագին՝ արաբական երկարավուն կարմիր խալաթ, մեջքին` փաթաթան: Արաբական տարազը խալիֆության կողմից ճանաչված լինելու նշան էր. այն հագնում էին միայն թագավորները: Քանդակագործը (ենթադրվում է, որ Տրդատն է) մեծ վարպետությամբ դրսևորել է պատկերվող անձի անհատական, յուրահատուկ գծերը: Ողջ հասակով պատկերված արքան ձեռքին բռնել է բավական մեծ, սնամեջ մանրակերտը, որը վերարտադրում է եկեղեցու ծավալատարած. հորինվածքը և հարդարանքը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար