ԱՎԱՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

Կաթողիկե (Ծիրանավոր) եկեղեցին գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում: 591թ. Բյուզանդիան Հայաստանի իրեն ենթակայության տակ գտնվող տարածքում հունադավան (քաղքեդոնական) կաթողիկոսություն հիմնեց` Հովհան կաթողիկոսի գլխավորությամբ։ 609թ. պարսիկների կողմից գերեվարված Հովհան կաթողիկոսը վախճանվեց։ Նրա աճյունը տեղափոխվեց Ավան` ամփոփվելով տաճարի տարածքում կառուցված դամբարանում։ Ըստ Ճարտարապետներ Թ. Թորամանյանի և Կ. Ղաֆադարյանի ուսումնասիրությունների` տաճարը կառուցվել է 6-րդ դարում։ Համալիրը բաղկացած է Կաթողիկե (Ծիրանավոր) եկեղեցուց, Ավանի Տաճարից և կաթողիկոսական պալատից։ Շրջակայքում պահպանվել են կոթողներ (5-6-րդ դարեր) ու արձանագիր խաչքարեր, (13-17-րդ դարեր) միջնադարյան գերեզմանոցի հետքեր։ Ավելի ուշ` 1938-68թթ ընթացքում ամրակայման, մասնակի վերականգնման և բարեկարգման աշխատանքներ են կատարվել։ Հայտնաբերվել է Ամենայն հայոց Եզր կաթողիկոսի ծածկագիր արձանագրությունը (7-րդ դարի 30-ական թթ), որն Ավանում պահպանված գաղտնագրման առաջին օրինակն է։ Համալիրի հիմնական կառույցը հայ միջնադարյան ճարտարապետության մեջ առաջին քառախորան, անկյունային խորշերով եկեղեցին է։ Կիսավեր է, պահպանվել են 2-2,5 մ բարձրությամբ պատերը։ Մուտքերը երկուսն են` արևմտյան շքամուտք և հարավային, որով եկեղեցին կապվել է կաթողիկոսական պալատի հետ։ Արևմտյան մուտքի վերևում` ներսից, իբրև բարավոր ագուցված է մի խոշոր վիշապաքար (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ)։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև հորինվածքով եկեղեցին նաև արտաքին անկյունավոր խորշեր ունի։ Ամենայն հավանականությամբ, դա հետագայում է արվել` կառույցը թեթևացնելու և գեղեցկություն հաղորդելու նպատակով։ Տաճարի չորս անկյուններում կառուցվել են նաև ավանդատներ, որոնց շնորհիվ կառույցի ներքնամասի հորինվածքը խաչաձև է դառնում։ Տաճարը միայն մեկ խոշոր գմբեթ է ունեցել։ Այն մասամբ ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժից։ Տաճարը մեզ է հասել խիստ վնասված վիճակով։ Պահպանվել են արտաքին պատերի հատվածները, գմբեթի կամարներն ու չնչին մասը։ Պահպանված հատվածը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ հենց այս տաճարի ճարտարապետական հորինվածքն է նախատիպ հանդիսացել վաղ միջնադարյան Հայաստանի մի շարք հոյակապ կառույցների համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար